Արևմուտքում ի հայտ են եկել որոշակի տարաձայնություններ՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության գործում: Նախագահ Ջո Բայդենն առաջարկել է Կոնգրեսի հանրապետականներին Կիևին տրամադրել լրացուցիչ 24 միլիարդ դոլար:
Նախորդ շաբաթվա ավարտին՝ ԱՄՆ հերթական ֆինանսական տարվա մեկնարկից ընդամենը ժամեր առաջ Կոնգրեսն ի վերջո կարողացավ ընդունել մի օրինագիծ, որը թույլ կտա ԱՄՆ կառավարությանը գործել ևս վեց շաբաթ։ Սակայն այդ փաթեթից դուրս է մնացել Ուկրաինային հատկացվող օգնությունը, ինչն էլ հարկադրեց նախագահ Բադենին դիմել կոնգրեսականներին, ովքեր չեն թաքցնում իրենց մտահոգությունը Կիևին տրամադրվող յուրաքանչյուր դոլարի հաշվետվության և չդադարող պատերազմի վերաբերյալ։
«Հուսով եմ, իմ գործընկերները կպահեն իրենց խոսքը՝ Ուկրաինային աջակցելու հարցում: Նրանք ասացին, որ պատրաստվում են աջակցել Ուկրաինային՝ առանձին քվեարկությամբ: Որևէ պարագայում չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը ընդհատվի։ Ակնկալում եմ, որ [Ներկայացուցիչների տան] խոսնակը հավատարիմ կմնա իր պարտավորություններին՝ ապահովել [անհրաժեշտ] անցումը և աջակցությունը՝ Ուկրաինային ցուցաբերվող օգնության գործում»,- հայտարարել է է Բայդենը:
Սպիտակ տան մամլո քարտուղար Քըրին Ժան-Պիեռը երկուշաբթի փոխանցել է «Ամերիկայի ձայնին», որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ կառավարությունը վճռական է դիմագրավել ներքին ճնշմանը:
Այս ամենին ֆոնին՝ ՆԱՏՕ-ի անդամ Սլովակիայում օրերս՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ամենից շատ ձայն ստացած Ռոբերտ Ֆիցոն հրապարակավ մտահոգություններ է հնչեցրել Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վերաբերյալ: Ընտրություններից առաջ նա բազմիցս էր հայտարարել՝ դեմ է, որպեսզի սլովակյան պահեստներից գեթ մեկ փամփուշտ փոխանցվի Ուկրաինային։
«ՆԱՏՕ-ն երբևէ այսքան ուժեղ չի եղել, և մենք, անշուշտ, շարունակելու ենք [Ուկրաինային ցուցաբերվող աջակցության շուրջ] քննարկումները մեր գործընկերների և դաշնակիցների հետ: Սակայն այն ինչ անում են Ներկայացուցիչների տան հանրապետականները, չի նպաստում դրան»,- նշել է Սպիտակ տան մամլո խոսնակը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի Կիևում հյուրընկալելով Եվրամիության անդամ-երկրների արտգործնախարարներին՝ վերստին ընդգծել է միասնության կարևորությունը․ «Մեր հաղթանակն ուղղակի կախված է մեր համագործակցությունից։ Որքան զորեղ ու սկզբունքային քայլեր ձեռնարկենք՝ միասին, այնքան շուտ կավարտվի այս պատերազմը՝ [արդյունքում] հասնելով արդարության, մեր տարածքային ամբողջականության վերականգնման և ողջ Եվրոպայի համար խաղաղության հուսալի երաշխիքի»։
Մյուս կողմից, իրավիճակին անդրադարձել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ նշելով, թե Մոսկվան «հոգնածություն» է նկատում արևմտյան տերությունների շրջանում:
Ժան-Պիեռը արձագանքել է. «Եթե Պուտինը կարծում է, որ կարող է վերապրել մեզ, ապա սխալվում է: Շուտով սեղանին կդնենք Ուկրաինային ցուցաբերվող օգնության նոր փաթեթ, որով կազդարարենք մեր շարունակական աջակցությունն Ուկրաինայի խիզախ ժողովրդին։ Սա՛ է մեր ուղերձը»:
Չնայած արևմտյան չդադարող աջակցությանը, ռազմական փորձագետները նշում են, որ ուկրաինական հակահարձակումը սպասվածից դանդաղ է առաջ գնում։
«Արդյունքները հիասթափեցնող են։ Մարդիկ հարցնում են՝ ինչպե՞ս է այս ամենը ավարտվելու, և ի՞նչ տեսք ունի Ուկրաինայի հաղթանակը։ Կարծում եմ, նախագահ Զելենսկին պետք է խոսի այս մասին առաջիկա ամիսներին՝ իր կողմնակիցներին համախմբելու համար»,- ասում է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Մարկ Քենսիենը:
Ուկրաինացի ժողովուրդը մնում է անկոտրում: Անցած հանգստյան օրերին՝ ռուսական ներխուժումից ի վեր առաջին անգամ, մայրաքաղաք Կիևում անցկացվեց վազքի մարաթոն: 5 հազար մասնակիցներից շատերը զինծառայողներ էին, ոմանք՝ անդամալույծ։ 42 կիլոմետրանոց մարաթոնից ստացված շահույթն ուղղվեց երկրի պաշտպանությանը: