Մատչելի հղումներ

Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հանրապետական անդամները քննում են Բայդենին իմփիչմենթի ենթարկելու իրավական, սահմանադրական հիմքերը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հանրապետական անդամները հինգշաբթի անցկացրել են նախագահ Բայդենին իմփիչմենթի ենթարկելու վերաբերյալ իրենց առաջին պաշտոնական լսումները՝ պնդելով, թե Սպիտակ տան ղեկավարը ոչ պատշաճ է օգտագործել իր պաշտոնը՝ հօգուտ ընտանիքի բարեկեցության: Դեմոկրատների խոսքով, քննությունը դեռ պետք է ապացույցներ ներկայացնի՝ Բայդենի ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ։

Հինգշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հանրապետական անդամներն անցկացրել են նախագահ Բայդենին իմփիչմենթի ենթարկելու հարցով իրենց առաջին պաշտոնական լսումները՝ պնդելով, թե Սպիտակ տան ղեկավարի ընտանիքի անդամները ֆինանսական շահ են ստացել նախագահի աթոռում նրա գործունեությունից:

«Տարիներ շարունակ նախագահ Բայդենը ստել է ամերիկացի ժողովրդին, թե ինչ գիտի իր ընտանիքի կոռումպացված բիզնես-սխեմաների մասին և ինչ մասնակցություն է ունեցել դրանցում: Ջո Բայդենը առնվազն տասը անգամ խաբել է ամերիկացիներին, որ երբեք չի խոսել իր ընտանիքի [անդամների] հետ՝ նրանց բիզնես գործարքների մասին: Նա ստել է՝ հայտարարելով, թե հստակ պատնեշ գոյություն ունի իր պաշտոնական պարտականությունների և անձնական կյանքի միջև»,- ասում է Ներկայացուցիչների տան Վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջեյմս Քոմերը։

Սակայն հանրապետականները դեռ պետք է ապացույցներ ներկայացնեն, որ նախագահ Բայդենը չարաշահել է իր պաշտոնը։ Այնինչ, հինգշաբթի կայացած լսումներն անցան առանց որևէ ապացույցի:

«Նրանք երեք վկա են հրավիրել՝ ցուցմունք տալու, և ոչ մեկն ականտես չի եղել, թե ինչպես է նախագահը իբր օրենք խախտում։ Այդ մարդկանցից որևիցե մեկը ուղղակի որևէ փաստ չունի Ուկրաինայի և «Բուրիսմա» [ընկերության] հետ առնչվող իրադարձությունների վերաբերյալ։ [Վերջապես], նրանցից ոչ մեկը չի մասնակցել նախորդ ութ ամիսների ընթացքում անցկացված հետաքննությանը, և դա այն պարագայում, երբ հարգարժան նախագահողը հրապարակավ հայտարարել է, որ ստացել է այն ամենն, ինչ խնդրել է [այդ հետաքննության անցկացման համար]»,- հակադարձում է Ներկայացուցիչների տան Վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի դեմոկրատ անդամ Ջեյմի Ռասկինը։

Դեմոկրատների պնդմամբ, հանրապետականները նախաձեռնել են Բայդենին առնչվող հետաքննությունը՝ հանրությանը շեղելու այն 91 մեղադրանքներից, որոնք առաջադրվել են նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ:

«Այս ամենը կապ ունի Դոնալդ Թրամփի՝ նրա քարոզարշավի և նրան աջակցելու հետ»,- նշում է Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդամ Ռոբերտ Գարսիան:

Հանրապետականները պնդում են՝ իրենց նպատակը կոռուպցիան արմատախիլ անելն է: «Associated Press»-ի և Հանրային կարծիքի հետազոտության «NORC» կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն, յուրաքանչյուր 3 ամերիկացիներից առնվազն 1-ը խիստ մտահոգված է՝ արդյո՞ք նախագահ Ջո Բայդենը կարող է «սխալ արարք» կատարած լինել իր որդու բիզնես-գործարքների առնչությամբ:

«Եկեք թափանցիկ գործենք։ Եկեք հետևենք օրենքին»,- ասում է Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Լիզա ՄըքԼեյնը:

Այս ամենի ֆոնին՝ Ներկայացուցիչների տան որոշ հանրապետականներ կասկածի տակ են առնում հետաքննության նպատակահարմարությունը՝ ասելով, թե քննության առարկան այնպիսի ենթադրյալ հանցագործությունները չեն, որոնց պատճառով Բայդենին պետք է հեռացնել պաշտոնից։ Հանրապետականների մեկ այլ խումբ էլ չի թաքցնում՝ անգամ եթե Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը, անցնի Բայդենին իմփիչմենթի ենթարկելու որոշումը, ապա Սենատում այն կտապալվի, ուր ներկայում մեծամասնություն են դեմակրատները։

«Ակնկալիք չունենք, որ Սենատը կքվեարկի իմփիչմենթի օգտին»,- անկեղծանում է Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Դարել Իսան։:

Այս ամենին զուգահեռ կա մեկ այլ խնդիր՝ եթե ամերիկացի օրենսդիրները չկարողանան համաձայնության գալ կառավարության ֆինանսավորման առաջնահերթությունների շուրջ, ապա գործադիրը կդադրեցնի իր աշխատանքն արդեն հոկտեմբերի 1-ին, և իմփիչմենթի հարցով լսումները չեն կարող անցկացվել մինչև նոր պետբյուջեի ընդունումը:

XS
SM
MD
LG