Մատչելի հղումներ

Կրեմլամետ լրատվամիջոցների հռետորաբանությունը ցեղասպանության հրահրման եզրին է․ ՄԱԿ-ի փորձագետներ


ՄԱԿ-ի նշանը
ՄԱԿ-ի նշանը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի միջազգային հանձնաժողովը ապակառուցողական է համարել ռուսական մեդիայի դերը ուկրաինական պատերազմի լուսաբանման գործում։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդին առընթեր Ուկրաինայում հանցագործությունները հետաքննող անկախ միջազգային հանձնաժողովը զեկույց է ներկայացրել, ուր, մասնավորապես, ասված է, որ ռուսական որոշ լրատվամիջոցների հռետորաբանությունը նման է ցեղասպանության հրահրման։

Հանձնաժողովը հերթական անգամ խորը մտահոգություն է հայտնել ռուսական բանակի կողմից Ուկրաինայում կատարված հանցագործությունների վերաբերյալ՝ ընդգծելով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Հրապարկվածը, սակայն, հանձնաժողովի նախնական զեկույցն է։ Մանրամասն զեկույցը կհրապարակվի առաջիկա շաբաթներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Սախարովի կենտրոնի տնօրեն Սերգեյ Լուկաշևսկին կարծիք է հայտնել, որ հանձնաժողովը բավականաչափ հստակ չի արտահայտվել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած պատերազմում կրեմլամետ լրատվամիջոցների դերի մասին։ Իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում՝ զեկույցում նշված է, թե որոշ հրապարակումներ նման են «Ուկրաինայում ցեղասպանության հրահրման»։

«Այստեղ կարևոր է հասկանալ, որ զանգվածային գիտակցության մեջ ցեղասպանությունն առաջին հերթին ասոցացվում է սարսափելի վայրագությունների և զանգվածային սպանությունների հետ՝ [օրինակ] Հոլոքոստը, հայերի ցեղասպանությունը և Ռուանդայում ցեղասպանությունը։ Սակայն, իրականում, այդ հասկացությունը շատ ավելի լայն է և ներառում է նաև այն միջոցները, որոնք նպաստում են էթնիկ կամ կրոնական խմբերի անհետացմանը՝ նույնիսկ ոչ բռնի մեթոդներով։ Ըստ այդմ, որքան կարող եմ դատել, ամենայն հավանականությամբ, զեկույցի հեղինակները հետևում են հենց այդ սահմանմանը»,- նշում է Լուկաշևսկին։

Սախարովի կենտրոնի տնօրենն ընդգծում է՝ ռուսաստանյան լրատվամիջոցների հռետորաբանության մեջ նկատվում է հստակ գիծ. «Կոչ են անում ոչնչացնել, այսպես կոչված, ուկրաինական նացիզմը, որը նրանց մոտ բառացիորեն ասոցացվում է ուկրաինական ինքնագիտակցության, ուկրաինական ինքնության հետ։ Իհարկե, կրեմլամետ լրատվամիջոցները չեն հնչեցնում բոլոր ուկրաինացիներին ֆիզիկապես ոչնչացնելու բացահայտ կոչեր, բայց փաստորեն, եթե նկատի ունենանք, որ Ուկրաինայում բնակչության ճնշող մեծամասնությունը, ինչպես պնդում են ռուսական լրատվամիջոցները, «ուկրանացիստներ» են, նրանց դեմ կարելի է պայքարել բոլոր մեթոդներով՝ թե՛ բռնի, թե՛ մշակութային ճնշման միջոցով։ Այս ամենից տրամաբանորեն բխում է, որ ուկրաինացիները, ըստ էության, պետք է ոչնչացվեն որպես ժողովուրդ»։

Սերգեյ Լուկաշևսկին շարունակում է՝ ռուսաստանյան լրատվամիջոցները նաև արդարացնում են Կրեմլի քաղաքականությունը ուկրաինացի երեխաների նկատմամբ. «Ինչպես գիտենք, բազմահազար երեխաներ կան, և հաճախ նրանք ունեն ծնողներ կամ հարազատներ Ուկրաինայում։ Այդ երեխաներին հարկադրաբար տեղափոխում են Ռուսաստանի տարածք, տեղավորում են ռուսական ընտանիքներում և որբերի համար նախատեսված հաստատություններում։ Իսկ «Ցեղասպանության կանխարգելման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան շատ կոնկրետ կետ է պարունակում՝ գրավված տարածքներից երեխաներին բռնի ուժով դուրս բերելու մասին»։

Եզրափակելով՝ Լուկաշևսկին նշում է, թե քանի որ ռուսաստանյան լրատվամիջոցներն արդարացնում են իշխանությունների նման գործողությունները, այն ինքնաբերաբար կարող է դիտարկվել որպես ցեղասպանության հրահրում։

Հրապարակախոս Գրիգորի Ամնուելի կարծիքով, Կրեմլին պատկանող և նրա կողմից վերահսկվող լրատվամիջոցների քաղաքականությունը Ուկրաինայում միտված է ազգամիջյան երկպառակության հրահրմանը։ Ուշադրություն է հրավիրում՝ զուր չէ, որ կրեմլամետ լրատվամիջոցներում հաճախ է օգտագործվում «ուկրաինացիներ» բառը, քան՝ «Ուկրաինայի քաղաքացիներ» ձևակերպումը։

«Եվ սա այն դեպքում, որ Ուկրաինան բազմազգ պետություն է։ Լրատվամիջոցների ազդեցությունը, որոնք հնազանդորեն կատարում են Կրեմլի կամքը, հանգեցնում է Ուկրաինայում լարվածության պահպանմանը։ Թեև Ռուսաստանը մոտենում է այն կետին, երբ ռազմական կորուստների պատճառով միանգամայն կարելի է ակնկալել նոր՝ անտրամաբանական մեղադրանքներ բոլորի հասցեին և զանգվածային բռնաճնշումների կոչեր։ Դրանում հավասարապես մեղավոր են լինելու թե՛ իշխանությունները, թե՛ լրատվամիջոցները»,- ասում է Ամնուելը՝ հավելելով, որ ռուսաստանյան լրատվամիջոցները անգամ «գերակատարում» են Կրեմլի հրահանգները։

«Նման պատկերի քաջածանոթ ենք անցած դարի 30-ական թվականներից, երբ վերևից իջեցված հրահանագներին ի պատասխան՝ տեղերից հեռագրեր էին գալիս՝ խնդրելով ուժեղացնել բռնաճնշումները։ Նման վարքը, ավաղ, պահպանվում է։ Անշուշտ, սա երկկողմանի է։ Նախ՝ Կրեմլը հրահանգներ է իջեցնում։ Հետո՝ սեփական լրատվամիջոցների աշխատանքի արդյունքում ավելի է ոգևորովում։ Սա՛ է այսօրվա Ռուաստանի դեմքը»,- նշում է հրապարակախոսը։

Նրա կարծիքով, ներկայիս ռուսաստանյան լրատվամիջոցների նյութերը որոշ առումով անգամ գերազանցում են ստալինյան ժամանակաշրջանի հրապարակումները։

«Բնական գործընթաց է։ Դաշնային հեռուստաալիքների մի շարք հաղորդավարներ վաղուց իրենց ծայրաստիճան արատավորել են։ Նրանք հետադարձի ճանապարհ չունեն։ Ուստի, շարունակելու են բորբոքել ատելությունը՝ նախևառաջ ռուսաստանյան հանրությանը զրկելով մարդակային գծերից»,- եզրափակում է Գրիգորի Ամնուելը։

XS
SM
MD
LG