Մատչելի հղումներ

Պուտինը խոստանում է ճնշել իր վաղեմի դաշնակից Պրիգոժինի կազմակերպած «զինված ապստամբությունը»


«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը գրավել է Դոնի Ռոստովը՝ պահանջելով Ռուսաստանի ռազմական ղեկավարության հրաժարականը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է ճնշել զինված ապստամբությունը այն բանից հետո, երբ մասնավոր վարձկանների բանակը իր վաղեմի դաշնակից Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ գրավել է Դոնի Ռոստովը: Պրիգոժինը փորձում է տապալել երկրի ռազմական ղեկավարությունը։

Չեչենական պատերազմներից ի վեր Ռուսաստանում առաջին զինված ապստամբության ընթացքում Պրիգոժինի հիմնադրած մասնավոր ռազմական ընկերության զինյալները շրջափակել են Ուկրաինայի հետ սահմանակից ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Դոնի Ռոստովի փողոցները:

Պրիգոժինը, որի մասնավոր բանակը Ուկրաինայում ռուսական ագրեսիայի սկզբից ի վեր ներգրավված է եղել ամենաարյունալի մարտերում, հայտարարել է Հարավային ռազմական շրջանի գրավման մասին՝ իր վարձկաններին ուկրաինական տարածքից դուրս բերելուց հետո։

Դոնի Ռոստովում, որը Ուկրաինայում ռազմական գործողություններ վարող ռուսական ուժերի համար ծառայում է որպես հիմնական թիկունքային լոգիստիկ հանգույց, Վագների զինյալները զրահամեքենաներով և տանկերով գրավել են քաղաքի կենտրոնը:

Ռուսական ուժային կառույցներում ըստ Reuters-ի հայտնել են, որ վագներականները գրավել են նաև ռազմական օբյեկտներ Վորոնեժում, որտեղ, ըստ շրջանի նահանգապետի, ապստամբությունը ճնշելու գործողություն է ընթանում։ Reuters-ը չի կարող ինքնուրույն հաստատել Վորոնեժում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունը։

Մոսկվայում ուժեղացվել է ուժայինների ներկայությունը փողոցներում. Կարմիր հրապարակը շրջափակված է մետաղական պատնեշներով։

«Չափից դուրս հավակնությունները և սեփական շահերը հանգեցրել են պետական դավաճանության», - ասել է Պուտինը հեռուստատեսային ուղերձում: «Սա հարված է Ռուսաստանին, մեր ժողովրդին, իսկ հայրենիքը նման սպառնալիքից պաշտպանելու մեր գործողությունները կոշտ են լինելու։ Բոլոր նրանք, ովքեր միտումնավոր բռնել են դավաճանության ճանապարհը, ովքեր նախապատրաստել են զինված ապստամբություն, բռնել են շանտաժի ու ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ են կրելու, պատասխան են տալու թե՛ օրենքի, թե՛ մեր ժողովրդի առաջ»,- իր ուղերձում ասել է Պուտինը:

Պրիգոժինը անմիջապես պատասխանեց, որ ինքը և իր մարդիկ մտադիր չեն հանձնվել:

«Նախագահը խորը սխալ է թույլ տալիս, երբ խոսում է դավաճանության մասին։ Մենք մեր Հայրենիքի հայրենասերներն ենք, մենք կռվել և պայքարում ենք նրա համար»,- ասել է Պրիգոժինը ձայնային ուղերձում։ «Մենք չենք ուզում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի և խաբեության մեջ».

Անցած գիշեր Պրիգոժինը, Telegram-ում հրապարակված հաղորդագրությունների շարքում, պահանջում էր, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ու Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գան Ռոստով։

Արևմտյան առաջնորդները հայտարարել են, որ ուշադիր հետևում են միջուկային զենք ունեցող Ռուսաստանում տիրող իրավիճակին: Նախագահ Ջո Բայդենին, ըստ Սպիտակ տան տեղեկությունների, զեկուցվել է ծավալվող իրադարձությունների մասին։

Իր հերթին, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սա ամենակարևոր մարտահրավերն է ռուսական պետության համար վերջին ժամանակներում: «Առաջիկա ժամերին Ռուսաստանի անվտանգության ուժերի և հատկապես Ռուսաստանի ազգային գվարդիայի հավատարմությունը կլինի այս ճգնաժամի զարգացման բանալին»:

Վագների վարձկանները մասնակցել են ուկրաինական 16 ամիս տեւած պատերազմի ամենակատաղի մարտերում, այդ թվում՝ Բախմուտի համար արյունալի ճակատամարտին։

Մի քանի ամիս Պրիգոժինը քննադատում էր ռուսական բանակի բարձրագույն ղեկավարությունը՝ գեներալներին մեղադրելով ոչ կոմպետենտ լինելու և իր վարձկաններին զինամթերք չմատակարարելու մեջ։ Այս ամիս նա անտեսել է պայմանագիր կնքելու հրամանը, ըստ որի՝ իր խումբը պետք է ընդգրկվեր Ռուսաստանի պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։

Պրիգոժինը ապստամբեց ուրբաթ օրը այն բանից հետո, երբ պնդեց, որ ռուս զինվորականները «բազմաթիվ» Վագներ վարձկանների են սպանել ավիահարվածի ժամանակ: Պաշտպանության նախարարությունը հերքել է այս պնդումը։

«Մենք 25,000 մարդ ենք և պատրաստվում ենք պարզել, թե ինչու է երկիրը քաոսի մեջ», - հայտարարել է Պրիգոժինը՝ խոստանալով ոչնչացնել ցանկացած ուժ, որը կկանգնի վագներականների ճանապարհին: Ավելի ուշ Պրիգոժինը հայտնել է, որ իր մարդիկ ընդհարվել են կանոնավոր ուժերի հետ և խոցել երեք ուղղաթիռ։

ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ՝ կապված զինված ապստամբության հետ և հայտնել, որ նա կոչ է արել «Ռուսաստանի տարածքում զինված քաղաքացիական հակամարտություն սկսել»։

Առավոտյան ժամը 2-ի սահմաններում Պրիգոժինը Telegram-ում հաղորդագրություն է հրապարակել, որում ասվում է, որ իր զորքերը գտնվում են Ռոստովում և պատրաստ են «մինչև վերջ գնալ» բանակի բարձրագույն ղեկավարության դեմ և ոչնչացնել յուրաքանչյուրին, ով կխանգարի նրանց:

Պրիգոժինը հերքում է ռազմական հեղաշրջման փորձի մասին մեղադրանքները։ Նա ասաց, որ իր մարտիկներին Ուկրաինայից դուրս է բերել Դոնի Ռոստով և հրապարակել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նա պատահաբար զրուցում երկու գեներալների հետ Հարավային ռազմական օկրուգի շտաբում:

Բանակի գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը տեսաուղերձ է հրապարակել՝ խնդրելով Պրիգոժինին վերանայել իր գործողությունները։

«Զինված ուժերի բարձրագույն ղեկավարությանը նշանակելու իրավունք ունի միայն նախագահը, իսկ դուք փորձում եք ոտնձգություն կատարել նրա լիազորությունների վրա»,- ասաց նա։

Պրիգոժինի հետ կապ ունեցող տելեգրամյան ալիքի չստուգված տեսանյութում պատկերված էր վագներականների վրա օդային հարձակման ենթադրյալ տեսարան: Տեսանյութում երեւում էր կոտրված ծառերով անտառ, որում մանր հրդեհներ էին վառվում։ Բացի ենթադրյալ հարձակման տեսանյութից, որևէ հարձակման այլ ապացույց չկա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս պնդումը։

XS
SM
MD
LG