Մատչելի հղումներ

Ռուսաստանն իրանական անօդաչու սարքերով` ընդդեմ Ուկրաինայի


Անօդաչու, հատկապես կամիկազե տիպի թռչող սարքերի զանգվածային կիրառումը դարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հատկանիշը: Իրանը Ռուսաստանին է մատակարարում նման հարյուրավոր զենքեր, որոնք ռուսական զորքերն օգտագործում են քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու և զգալի վնաս պատճառելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ ուկրաինացի զինվորականները սովորել են արդյունավետ կերպով հետ մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումները, քաղաքացիական անձինք հաճախ դառնում են դրանց զոհ:

Իրանը Ռուսաստանին մատակարարում է ‘’Շահեդ-131’’ և ‘’Շահեդ-136’’ տիպի անօդաչու թռչող սարքեր, որոնց Ռուսաստանում անվանում են ‘’Герань-1’’ եւ ‘’Герань-2’’:

Իրանը հերքում է այս պահին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին լուրերը, սակայն ընդունում, որ Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարել նախքան ներխուժումը:

Սակայն արեւմտյան հետախուզական հանրությունը պնդում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստան շարունակվում է։

ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է Ռուսաստանին զենք մատակարարելու Իրանի հնարավորությունները սահմանափակելու ցանկության մասին: Հունվարի սկզբին Միացյալ Նահանգները հայտարարեց լրացուցիչ պատժամիջոցներ Qods Aviation Industries-ի (QAI) ղեկավարության, իսկ փետրվարի սկզբին` անօդաչու թռչող սարքեր արտադրող մեկ այլ ընկերության` Paravar Pars-ի դեմ:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է. «Այս զենքերն օգտագործվում են Ուկրաինայում խաղաղ բնակիչներին սպանելու և քաղաքները ցրտի ու խավարի մեջ պահելու համար: Այսպիսով, Իրանը սատարում է լայնածավալ ռազմական հանցագործությունները», - ասել է Սալիվանը:

Բրիտանական Conflict Armament Research հետազոտական կորպորացիան, ուսումնասիրելով խոցված սարքերից մեկը, եկել է այն եզրակացության, որ Իրանը կարող է շուտով կատարելագործել Ռուսաստանին մատակարարվող մոդելները։ Մարտագլխիկներին արդեն իսկ ավելացվել են մետաղական մասեր և նկատելիորեն ավելացել է պայթուցիկի քանակը։

2022 թվականի դեկտեմբերին Սպիտակ տունը նախազգուշացրեց, որ Մոսկվան և Թեհրանը քննարկում են անօդաչու թռչող սարքեր արտադրելու համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորությունը։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են գործարան կառուցել Ելաբուգայում: 2023 թվականի հունվարի 5-ին Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների մի պատվիրակություն այս նպատակով այցելելց Ելաբուգա։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը գնում է ավելի մեծ հեռահարությամբ «Շահեդ-136» մակնիշի կամիկազե տիպի անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրության մասին։

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հենրի Ռոմի խոսքով, գործարանի կառուցումը կհեշտացնի ռուսական բանակի մատակարարումները: Ռուսական տեխնոլոգիաների համատեղմամբ էլ Իրանն իր հերթին դրանք կարող է կիրառել Մերձավոր Արևելքի մարտադաշտերում:

Ասենք, որ գործարանի կառուցումը հավանաբար մի քանի տարի կտևի, եւ հարց է, թե արդյոք այն ինչ որ կերպ ազդեցություն կունենա Ուկրաինայի դեմ պատերազմում, թե ոչ: Բայց, անկախ սրանից, Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելը կարևոր է Իրանի համար զենքի կատարելագործման առումով»,- ասում է Հենրի Ռոմը։

Քաղաքագետ Անդրեյ Օկարան նշում է, որ այժմ Իրանի համար գլխավոր առաջնահերթությունը ոչ թե իրավիճակային դաշինքն է Պուտինի ռեժիմի հետ, այլ «միջուկային գործարքը», քանի որ դժգոհ է, երբ չեն չեղարկվում իր դեմ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները:

Ռուսաստանի ներկա վարչակարգի համար Իրանն ապագայի իր մոդելն է: Խոսքը հատկապես տնտեսության մասին է, չնայած այն հանգամանքին, որ 1979 թվականի հեղափոխությունից հետո սկսված Արեւմուտքի պատժամիջոցներից հետո այս երկրում Համախառն ներքին արդյունքը անկում է ապրել երկու անգամ: Այսինքն, կես դարի ընթացքում Իրանի այսպես ասած ունեցվածքը երկու անգամ կրճատվել է: Կրեմլն այսօր ընտրել է այդ ուղին` մուտք գործելով աշխարհի մեծամասնության հետ բացարձակ անհույս հակամարտության գոտի: Նման արտաքին քաղաքականության արկածախնդրությունը շատ թանկ է, ասում են վերլուծաբանները եւ նշում, որ Ռուսաստանը դրանից շատ ու շատ է տուժելու:

XS
SM
MD
LG