Մատչելի հղումներ

Ապագայի պատերազմ. բրիտանացի փորձագետի տեսակետը


Ի՞նչ դասեր կարելի է քաղել ռուս-ուկրաինական պատերազմից
Ի՞նչ դասեր կարելի է քաղել ռուս-ուկրաինական պատերազմից

Աշխարհը և զինված ուժերը վերապրում են ևս մեկ տեխնոլոգիական հեղափոխություն, որը փոխում է մարտական գործողությունների ընթացքը և ապագայում գործարկվելիք մարտական համակարգերը։

Ապագայի պատերազմը կանխատեսելու փորձեր մշտապես արվել են։ Բոլոր երկրների զինված ուժերը պատրաստվում են հակամարտությունների, որոնց ժամանակ այս կամ այն կերպ կիրառվելու են նոր տեխնոլոգիաներ։

Օրինակ, տեղեկատվական հեղափոխությունը հանգեցրել է նրան, որ յուրաքանչյուր ոք տեղեկատվության սպառողից վերածվել է արտադրողի։ Գրեթե բոլորն ունեն տեսախցիկով հեռախոս, և նման պայմաններում արմատապես փոխվում են ռազմական հետախուզության և հարվածների համար թիրախների ընտրության մեթոդներն ու տեխնոլոգիաները։ Մյուս կողմից, ավանդական ռազմական տեխնոլոգիաները պետք է կիրառվեն նոր ձևով, քանզի, օրինակ, առավել լավ պաշտպանված մարտական մեքենան՝ տանկը, ժամանակակից պատերազմում դարձել է նաև ամենախոցելին։ Տանկը մեծ և չափազանց գրավիչ թիրախ է, ու հակառակորդը փորձում է առաջին հերթին ոչնչացնել այն, իսկ հետևակը աննախադեպ հնարավորություններ է ստացել նման առաջադրանք կատարելու համար:

Մեծ Բրիտանիայի վերլուծական կենտրոններից մեկի՝ «Royal United Services Institute»-ի գիտաշխատող Ջեք Ուեյթլինգը Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում ներկայացրել է իր «Ապագայի սպառազինությունները» գիրքը, ուր վերլուծել է որոշ նոր իրողություններ, որոնց բախվում և բախվելու են նախևառաջ ցամաքային զորքերը։ Ուեյթլինգի եզրակացություններն արվել են մի շարք ժամանակակից զինված հակամարտությունների, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի հման վրա, ինչը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ է նշանակում 21-րդ դարում վարել «ժամանակակից պատերազմ»։

Ուեյթլինգի ներկայացմամբ, բոլոր երկրների զինվորականներն, անշուշտ, հասկանում են մշտական փոփոխությունների և նոր պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը։ Այնուամենայնիվ, գործնականում դրան հասնելը չափազանց դժվար է։ Զինվորականները հազվադեպ են հասկանում նոր տեխնոլոգիաների իրական հնարավորությունները, իրավիճակը անընդհատ փոխվում է, ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ նորամուծություններ ու տեխնիկա անհրաժեշտ կլինեն ապագայում։ Հետևաբար, զինվորականները, որպես կանոն, ընտրում են գործողությունների ամենաանվտանգ տարբերակը՝ փորձում են նոր տարրերը ինտեգրել հին մարտական համակարգերի մեջ (օրինակ՝ օգտագործել արբանյակային տեղորոշման համակարգերը ավանդական հրետանու համար), կամ արդիականացնել առկա համակարգերը՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Ընդ որում, ցամաքային ուժերը, ռազմածովային ուժերը և ավիացիան տարբեր կերպ են գնահատում իրավիճակը, հաճախ որոշումներ են կայացնում միմյանցից անկախ և առանց հաշվի առնելու զորքերի այլ տեսակների շահերը։

Վերլուծաբանի կարծիքով, ռազմական տեխնոլոգիաների որոշ նորույթներ, թերևս, գործնական կիրառում չեն ստանա մոտ ապագայում։ Արդեն գոյություն ունեն ինքնավար սպառազինության օգտագործման դեպքեր (օրինակ, բոլորին հայտնի ականները)։ Սակայն վերջին տարիներին այդ տեխնոլոգիաները լուրջ զարգացում են ապրել․ խոսքը նախևառաջ մարտական ռոբոտների մասին է (ըստ որոշ աղբյուրների, 2020 թվականին թուրքական արտադրության «Kargu-2» ինքնավար դրոնը ինքնուրույն հարձակում է իրականացրել Լիբիայում)։ Սակայն, Ուեյթլինգի խոսքով, զինվորականները չափազանց զգուշավոր են այդ հարցում և մտադիր չեն իրենց վերահսկողությունից դուրս թողնել որոշումներ կայացնելը։

Գնահատելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմը՝ Ուեյթլինգը կարծիք է հայտնել, որ դրոնների ակտիվ կիրառումը սկզբում տպավորություն թողեց, թե էժանագին թռչող մեքենաների ֆոնին՝ ավանդական ռազմական տեխնիկան հնացած է, բայց դա, ինչպես և շատ այլ բաներ, պարզվեց՝ պատրանք է։ Այնուամենայնիվ, անօդաչուների կիրառումը չափազանց դժվարացրել է, օրինակ, շրջանցման գործողությունների իրականացումը․ պաշտպանվողները, որպես կանոն, հնարավորություն են ստանում նախօրոք հայտնաբերել հակառակորդի տեղաշարժերը։ Դրոնների շնորհիվ ռուսական սևծովյան նավատորմի առավելությունը ուկրաինական ռազմածովային փոքրաթիվ ուժերի նկատմամբ նույնպես արժեզրկվել է՝ ռուսական ռազմանավերն իրենց հեռու պահում ուկրաինական ափերից։ Ռուս-ուկրաինական պատերազմը նաև ցույց տվեց, որ զենքերը չեն կիրառվում այնպես, ինչպես նախատեսված էր։ Օրինակ, ուկրաինական ռազմաօդային ուժերը կիրառել են բրիտանական հրթիռներ, որոնք նախատեսված էին սկզբունքորեն այլ տեսակի օդանավերի համար։

Ուեյթլինգի կարծիքով, ռուս-ուկրաիանակն պատերազմում մարտավարական անակնկալներ չեն եղել։ Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը օգտագործում են դեռևս 1930-ականների վերջին մշակված մարտավարական սխեմաներ։ Հարձակողական գործողություններ իրականացնելիս՝ մեծ նշանակություն ունի անսպասելիության գործոնը, ինչը հնարավորություն է տալիս առավելագույն վնաս հասցնել հակառակորդին և հասնել հաջողության, քանի դեռ հակառակորդը չի հասցրել հարմարվել նոր իրողություններին։ Սակայն ներկայում այս ամենը շատ ավելի է բարդացել։ Մարտադաշտի հագեցվածությունը տարբեր զգայակներով (sensor) դժվարացնում է ուժերի աննկատ կենտրոնացումը։ Համեմատաբար հեշտ է դարձել հայտնաբերել ցանկացած խմբավորում և նույնիսկ առանձին մարտական մեքենա, ինչը զգալիորեն նվազեցնում է անակնկալի բերելու հավանականությունը։ Մի կողմից զգայակների և էլեկտրոնային հաղորդակցման համակարգերի զարգացման արդյունքում տեղեկատվությունը ստացվում է ավելի շատ ու արագ, բայց մյուս կողմից՝ հակառակորդին ընձեռվում են կարևոր տեղեկատվությունը որսալու և նույնիսկ դրա հասանելիությունը կանխելու հնարավորություններ։

Հետախուզության և կրակի վերահսկման նոր միջոցների կիրառման շնորհիվ զգալիորեն աճել են կրակի ճշգրտությունն ու մահաբերությունը։ Սակայն այն երկսայր զենք է, և արդյունքում պաշտպանվելը դարձել է շատ ավելի դժվար ու թանկ։

Առանց մատակարարումների՝ պատերազմն անհնար է։ Անհնար է մարտական գործողություններ իրականացնել՝ առանց զորքերը զինամթերքով ապահովելու։ Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ պարզ դարձավ, թե որքան գրավիչ թիրախ են, օրինակ, ռուսական հրետանային պահեստները, և նույնիսկ մեկ պահեստի ոչնչացումը թույլ է տալիս զինաթափել հակառակորդին։

Թերևս, Ուեյթլինգի ամենակարևոր եզրակացությունն այն է, որ ապագայի պատերազմի մասին պատկերացումը, թե իբր այն բացառապես հեռավար է լինելու, իսկ հակառակորդները չեն տեսնի միմյանց դեմքերը, ըստ էության, պատրանք է։ Տեսանելի ապագայում պատերազմող բանակները շարունակելու են դեմ առ դեմ մարտեր վարել՝ փոքր և նույնիսկ՝ չափազանց փոքր հեռավորությունների վրա, իսկ տեխնոլոգիաները դեռ երկար ժամանակ չեն կարողանա փոխարինել մարդուն։

XS
SM
MD
LG