Մատչելի հղումներ

«Հուսահատ քայլ». ի՞նչ սպառազինություն կարող է Պուտինը խնդրել Կիմ Չեն Ընից


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով փորձագետների կարծիքով, Ռուսաստանին, իրականում, հետաքրքրում է հյուսիսկորեական սպառազինությունը, և Մոսկվան նպատակ չունի դառնալ Փհենյանի «գլխավոր բարեկամը»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանից մեկնել է ռուսաստանյան Հեռավոր Արևելք՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին: Հանդիպումը տեղի ունեցավ Ամուրի մարզի «Восточный» տիեզերակայանում։ Բանակցությունների կարճատև՝ բաց հատվածում Կիմ Չեն Ընն ասաց, թե Հյուսիսային Կորեան ցանկանում է զարգացնել հարաբերությունները, քանի որ մշտապես աջակցել է «նախագահ Պուտինի և Ռուսաստանի կառավարության բոլոր որոշումները»:

Կրեմլի փոխանցմամբ, մեկուկես ժամ տևած բանակցությունների փակ հատվածին մասնակցել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Լայն կազմով հանդիպմանը հետևել է Պուտին-Կիմ Չեն Ըն առանձնազրույցը։

Հյուսիսային Կորեայի ղեկավարը Ռուսաստան է ժամանել իր ավանդական շքեղ զրահագնացքով, և Ռուսաստանի տարածքում նրա առաջին կանգառը սահմանամերձ Խասան գյուղն էր․ ժամանակին նրա պապն ու հայրը նույն ճանապարհով էին մեկնում Ռուսաստան։ Սահմանին նրան դիմավորել է Ռուսաստանի բնական պաշարների նախարար Ալեքսանդր Կոզլովը, ով երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է:

Ի՞նչ սպառազինություն կարող է Պուտինը խնդրել Կիմ Չեն Ընից
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00

«Reuters»-ի՝ այս սեպտեմբերին լույս տեսած հրապարակման համաձայն, եթե անգամ Ռուսաստանը կարողանա առաջիկա մի քանի տարում արկերի արտադրությունը հասցնել տարեկան 2 միլիոն հատի, այն դեռ շատ հեռու է բավարարելու իր կարիքները: Անցած տարի ուկրաինական մարտադաշտերում ռուսական զինուժը կիրառել է 10-ից 11 միլիոն արկ:

Հիշեցնենք, Հյուսիսային Կորեան ճանաչել է բռնակցված Ղրիմը որպես Ռուսաստանի մաս դեռևս 2014-ին՝ հետագայում հրապարակելով համապատասխան աշխարհագրական քարտեզներ, իսկ 2022-ին ճանաչեց նաև, այսպես կոչված, «հանրաքվեները» Մոսկվայի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հուլիսին այցելեց Հյուսիսային Կորեա, ուր նրան դիմավորեցին մեծ շուքով, որից հետո ռուս պաշտոնյաների մեկ այլ խումբ մեկնեց Փհենյան՝ քննարկելու Ռուսաստան հյուսիսկորեական սպառազինության մատակարարման հնարավոր գործարքները: Այս մասին խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Այն, որ Մոսկվան կարող է զենք-զինամթերք ստանալ Փհենյանից, առաջինը՝ 2022 թվականի աշնանը հայտնեց «The New York Times»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզությունը և գրելով, որ Հյուսիսային Կորեան կարող է Ռուսաստանին մատակարարել «միլիոնավոր արկեր ու հրթիռներ»:

Այնուհետև, նման հնարավորության մասին խոսեցին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին և Պենտագոնի մամլո քարտուղար Փեթ Ռայդերը։ Ռուսաստանը շտապեց «կեղծ» որակել ամերիկյան հետախուզության տվյալները՝ նման մատակարարումների մասին, իսկ Փհենյանն այդ լուրերը անվանեց «անհիմն»:

Սակայն մտահոգությունները վերստին մեջտեղ եկան այս տարվա հունիսին, երբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, թե Հյուսիսային Կորեան ծրագրում է «ավելի շատ զենք մատակարարել Ռուսաստանին»:

Չնայած համեմատաբար փոքր տարածքին և բնակչության թվաքանակին, Հյուսիսային Կորեայի զինված ուժերն իրենց թվակազմով աշխարհում չորրորդն են: Գործող բանակում է գրեթե 1,3 միլիոն մարդ՝ երկրի ողջ բնակչության մոտ 5%-ը: Զինված ուժերից զատ, գոյություն ունի, այսպես կոչված, մոբիլիզացիոն ռեզերվը: Հյուսիսային Կորեայի բռնապետական ռեժիմը երկիրը մշտապես պահում է ռազմական դրության մեջ։ Բնակչությանը պատրաստվում է պատերազմի։ Պարտադիր զինվորական ծառայությունը տղամարդկանց համար 10 տարի է, կանանց համար՝ 3 տարի։

Հյուսիսային Կորեայի գոյության ողջ ընթացքում Փհենյանն ուներ զենքի երկու հիմնական մատակարար՝ Ռուսաստանը (նախկին ԽՍՀՄ) և Չինաստանը։ Ըստ արևմտյան փորձագետների, սեփական արտադրության բալիստիկ հրթիռներից զատ, որոնք վերջերս են հայտնվել, Փհենյանի հիմնական սպառազինությունը բաղկացած է հին խորհրդային և չինական տեսակներից:

Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) հրապարակված «Ռազմական հաշվեկշիռ 2023» ամենամյա զեկույցի համաձայն, Հյուսիսային Կորեայի զինված ուժերն ունեն 545 մարտունակ ինքնաթիռ, 286 ուղղաթիռ, մոտավորապես 400 մարտական և 280 դեսանտային նավ, 71 սուզանավ, մոտ 4 000 տանկ և 2 500 զրահամեքենա։

Միևնույն ժամանակ, Հյուսիսային Կորեայի տանկերի կեսը, ըստ արևմտյան տարբեր աղբյուրների, խորհրդային «Т-54», «Т-55» հրասայլներն են, որոնք նկատվել են ուկրաինական մարտադաշտերում, երբ ռուսական ռազմուժը կիրառում էր այն: Այդ տանկերն այնքան են հնացած, որ դյուրին թիրախ են ժամանակակից հակատանկային միջոցների համար, սակայն հյուսիսկորեական բանակում նման հրասայլերը բազմաթիվ են։

Դեռ 2021 թվականին ԱՄՆ ռազմական հետախուզությունը հրապարակել էր զեկույց, ըստ որի Փհենյանի զինանոցում են խորհրդային արտադրության «Миг-23» և «Миг-29» ռազմական ինքնաթիռներ, որոնք ստեղծվել են ավելի քան 50 տարի առաջ: Ամերիկյան հետախուզությունը հավելել էր՝ Հյուսիսային Կորեան նախորդ տասը տարիների մշակել է սեփական արտադրության մարտական անօդաչուներ:

Համարվում է, որ Հյուիսային Կորեայի զինված ուժերի ամենազարգացած հատվածը հրետանին է, և արկերի պաշարները կարող են հսկայական լինել։ Փհենյանի պաշտոնական քարոզչությունը պարբերաբար սպառնում է «հրետանային կրակի տարափով» ոչնչացնել հարևան երկրի մայրաքաղաքը:

«Ռազմական հաշվեկշիռ 2023» զեկույցի համաձայն, Հյուսիսային Կորեան զինված է տարբեր տեսակի առնվազն 21,6 հազար հրետանային, հրթիռային համակարգերով։ Այդ թվում՝ առկա են առնվազն 8 600 հրետանային համակարգեր և հաուբիցներ, մոտ 7 500 միավոր ականանետներ, և վերջապես՝ շուրջ 5 500 հատ բազմակի արձակման հրթիռային համակարգեր։

Այս ամենն ապահովված է անհրաժեշտ քանակությամբ զինամթերքով, որը, ըստ ռուսական աղբյուրների, տևական ժամանակ է արտադրվում է Հյուսիսային Կորեայում։ Փհենյանի զինանոցում են 122 միլիմետր և 152 միլիմետր տրամաչափերի հրետանային արկեր, զինամթերք՝ 82 միլիմետրանոց և 120 միլիմետրանոց ականանետերի համար, և հրթիռներ՝ բազմակի արձակման կայանների համար: Ռուսաստանն օգտագործում է նման զինամթերք Ուկրաինայում, և դրա կարիքն ունի։

Արձագանքելով Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման մասին հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նշել է․ «Ուշադիր հետևելու ենք այդ հանդիպման արդյունքներին»։

Խոսնակը հավելել է, թե ԱՄՆ-ն «մշտապես մտածում է պատժամիջոցներ սահմանել այն երկրների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին պատերազմ վարել»։

Անդրադառնալով Միլլերին՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կարևորում է «երկու երկրների` [Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի] շահերը», ոչ թե Վաշինգտոնից հնչող նախազգուշացումները»: Նա հաստատել է , որ Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը ևս ժամանել է Ռուսաստան:

Հյուսիսային Կորեայից զենքի մատակարարումները չեն օգնի Ռուսաստանին փոխել իրավիճակը Ուկրաինայում․ Էլի Ուայն

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Eurasia Group» հետազոտական կենտրոնի փորձագետ Էլի Ուայնը կարծիք է հայտնել, որ Պուտինը չպետք է լուրջ աջակցություն ակնկալի Հյուսիսային Կորեայից: Մյուս կողմից, Չինաստանը, որը Փհենյանի ռեժիմի գլխավոր հովանավորն է ու գործընկերը, աչալուրջ հետևում է ռուս-հյուսիսկորեական շփումներին:

Ուայնի խոսքով, «թեև Չինաստանը Փհենյանի գլխավոր տնտեսական և դիվանագիտական գործընկերն է, բայց գերագնահատված է Պեկինի կարողությունը՝ ազդելու Փհենյանի արտաքին քաղաքականության վրա», և Պուտինի ու Կիմ Չեն Ընի հանդիպումը դրա լավագույն ապացույցն է։

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Չինաստանի հարցերով առաջատար փորձագետ, պրոֆեսոր Ռոբերտ Սաթերն հիշեցնում է, որ մինչև վերջերս Ռուսաստանը ձեռնպահ էր Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները սերտացնելու հարցում: Նրա կարծիքով, բանակցելով Կիմ Չեն Ընի հետ՝ սպառազինություն ձեռք բերելուց զատ, Պուտինը նպատակ ունի նյարդայնացնել Միացյալ Նահանգներին, և այս հարցում Մոսկվայի ու Պեկինի նպատակները համընկնում են:

Հեղինակ՝ Դանիլա Գալպերովիչ

XS
SM
MD
LG