Երեքշաբթի Հարավային Կորեան հայտարարեց, թե ուշադիր հետևում է Պուտին-Կիմ Չեն Ըն առաջիկա հանդիպման շուրջ ընթացող զարգացումներին։
«[Հարավային Կորեայի] պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Կիմ Չեն Ընը, հավանաբար, այսօր վաղ առավոտյան ժամանել է Ռուսաստան՝ օգտագործելով մասնավոր գնացք»,- հայտարարել է գերատեսչության խոսնակ Ջոն Հաքյուն՝ մատնացույց անելով գնացքում առկա «մեծ թվով զինվորականներին»։
«Ուշադիր հետևում ենք, թե արդյոք բանակցություններում արծարծվելու են Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև զենքի առևտրին, տեխնոլոգիաների փոխանցմանն առնչվող հարցեր»,- հավելել է նա:
Ըստ հաղորդագրությունների, Պուտինն ու Կիմ Չեն Ընը կքննարկեն Ռուսաստանին հյուսիսկորեական սպառազինության մատակարարման հարցը՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառելու նպատակով։ Մինչդեռ, Փհենյանի նպատակն է, որպեսզի Ռուսաստանը Հյուսիսային Կորեային տրամադրի իր արբանյակների և միջուկային էներգիայով աշխատող սուզանավերի առաջադեմ տեխնոլոգիաները, ինչպես նաև ցուցաբերի պարենային օգնություն:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի խոսել է Կիմ Չեն Ընի այցի մասին․ «Երկու պատվիրակությունների միջև նախատեսված են բանակցություններ, որից հետո, եթե անհրաժեշտ լինի, առաջնորդները կշարունակեն իրենց շփումը դեմ առ դեմ ձևաչափով»։
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան հանդես են եկել Հյուսիսային Կորեային ուղղված նախազգուշացումներով՝ հրաժարվել Կրեմլին զինելու գաղափարից:
«ՄԱԿ-ի անդամ ոչ մի երկիր չպետք է խախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները և բանաձևերը, ներառյալ՝ զենքի առևտրի վերաբերյալ»,- երեքշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի արտգործնախարարության խոսնակ Լիմ Սու Սուկը:
Իր հերթին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հիշեցրել է՝ Հյուսիսային Կորեայից սպառազինության ցանկացած մատակարարում, այդ թվում՝ Ռուսաստան, կխախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
«Անշուշտ, ակտիվ կերպով կիրառել ենք մեր պատժամիջոցներն այն սուբյեկտների դեմ, որոնք ֆինանսավորում են Ռուսաստանի ռազմական մեքենան, ու կշարունակենք կիրառել այդ պատժամիջոցները, ինչպես նաև չենք վարանի կիրառել նոր պատժամիջոցներ, եթե հարկ լինի»,- երկուշաբթի հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Այս ամենի ֆոնին՝ որոշ վերլուծաբաններ թերահավատ են, որ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին տրամադրվող սպառազինությունը կարող է էական ազդեցություն ունենալ ուկրաինական մարտադաշտերում:
«Որքանով տեղյակ ենք, հյուսիսկորեական մատակարարումները լինելու են փոքր տրամաչափի սպառազինություն: Քիչ հավանական է, որ այդ սպառազինությունը կարողանա պատճառել շոշափելի ավերածություններ, փոխի ռազմական գործողությունների ընթացքը Ուկրաինայում»,- երեքշաբթի «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Հոնոլուլուում գտնվող «Pacific Forum»-ի վերլուծաբան Ռոբ Յորքը:
Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը Պուտինի հետ 2019 թվականի ապրիլի 25-ին էր Ռուսաստանի նավահանգստային՝ Վլադիվոստոկ քաղաքում։
Լի Ջուհյունն աջակցել է նյութի պատրաստմանը: