Մատչելի հղումներ

Փհենյանը հրթիռների փորձարկում է իրականացել ի պատասխան ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների


Հյուսիսային Կորեայի գործողություններն ապակայունացնող և մտահոգիչ են. ամերիկացի գեներալ

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հինգշաբթի օրը իր կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը պատասխան է ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժություններին, որոնք սկսվել են այս շաբաթ:

Ուրբաթ օրը հյուսիսկորեական պետական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր փոքրիկ դստեր հետ դիտում է Hwasong-17 ICBM-ի արձակումը:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցը հայտնել է, որ զորավարժությունները իրականացվել են ի պատասխան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի լրատվամիջոցի խոսքով լայնածավալ սադրիչ և ագրեսիվ ռազմական զորավարժությունների:

Հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը կրկնել է ԱՄՆ դիրքորոշումը, որ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ:

«Միացյալ Նահանգների՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ անցկացրած զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն և ուղղված են մեր փոխգործունակության ամրապնդմանը և տարածաշրջանում հնարավոր ագրեսիան զսպելուն: Առաջին հերթին դա է: Իսկ Հյուսիսային Կորեայի արձագանքը, ինչպես նախկինում ասել էի, ոչ միայն տեղին չէ, այլև ապակայունացնող և ակնհայտորեն մտահոգիչ է տարածաշրջանում գտնվողների համար»,- ասել է գեներալ Պատրիկ Ռայդերը:

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան գտնվում են 11-օրյա խոշոր համատեղ զորավարժությունների մեջ, որը ներառում է դաշնակիցների ամենամեծ դաշտային զորավարժությունները վերջին հինգ տարվա ընթացքում: Զորավարժությունները շատացել են վերջին մեկ տարվա ընթացքում, քանի որ Հյուսիսային Կորեան ռեկորդային թվով հրթիռներ է արձակել:

XS
SM
MD
LG