Մատչելի հղումներ

Պուտինը թերահավատ է, որ «F-16»-ները կկարողանան լուրջ ազդեցություն ունենալ ուկրաինական պատերազմում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հայտարարել է, թե Արևմուտքի կողմից «F-16» կործանիչների մատակարարումն Ուկրաինային միայն կերկարաձգի հակամարտությունը։

Ելույթ ունենալով Վլադիվոստոկում կայացած տնտեսական ֆորումում՝ Պուտինը նշել է, թե ռուսական զինված ուժերը ամեն օր համալրվում են 1 000-1 500 կամավորներով, և նախորդ կես տարում դրանց թիվն ընդհանուր առմամբ հասել է 270 հազարի:

Պուտինի ներկայացմամբ, այս հունիսից մեկնարկած ուկրաինական հակահարձակումը ձախողվել է:

Մինչդեռ, իրականությունն այն է, որ ուկրաինական ուժերը երկրի արևելյան և հարավային շրջաններում ազատագրել են որոշ գյուղեր և այժմ փորձում են ճեղքել ռուսական պաշտպանական գծերը:

Անցած շաբաթ, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում էր, Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության հերթական փաթեթի մասին: Բլինքենի խոսքով, ուկրաինական հակահարձակումը «շատ հուսադրող է»։

Երկուշաբթի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նշեց, թե Վաշինգտոնը շարունակում է գնահատել ուկրաինական ուժերի առաջընթացը, իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայում Կրեմլի ռազմավարական նպատակներին, ապա դրանք պարզապես ձախողվել են․ «Նրանց նպատակն էր գրավել Կիևը, բռնակցել Ուկրաինայի տարածքի մեծ մասը, կամ ողջ երկիրը և տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ուկրաինայի կառավարությունը»:

Պուտինը թերահավատ է, որ «F-16»-ները կկարողանան լուրջ ազդեցություն ունենալ ուկրաինական պատերազմում
please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00

Միլլերը ընդգծել է՝ ուկրաինացիները հետ են վերցրել այն տարածքի մոտ 50%-ը, որը Ռուսաստանը գրավել էր իր լայնածավալ ներխուժման ժամանակ։

Ըստ պետքարտուղարության խոսնակի, ակնհայտ է, որ Ռուսաստանը բախվել է դժվարությունների, և ցուցիչն այն է, որ անցնելով ողջ երկրի տարածքով՝ Պուտինը ժամանել է Հեռավոր Արևելք և ռազմական օգնություն է խնդրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից։

Իրենց անունը հրապարկել չցանկացող ԱՄՆ չորս պաշտոնյաների համաձայն, Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային մեծ հեռահարության և կասետային մարտագլխիկներով հրթիռներ մատակարարելու հարցը, որոնք կարող են զգալի վնաս հասցնել Ռուսաստանի զինուժին։

Ըստ «Reuters»-ի, ի հավելումն նախորդ ամիսներին Կիևին մատակարարած 155 միլիմետր տրամաչափի սպառազինությանը, ԱՄՆ-ն դիտարկում է Կիևին փոխանցել մարտավարական նշանակության «ATACMS» հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել մոտ 300 կիլոմետր հեռավորության թիրախներ, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (օրինակ՝ «M270 MLRS» կամ «M142 HIMARS») համար նախատեսված «GMLRS» հրթիռներ, որոնց մարտագլխիկները կասետային են:

Բայդենի վարչակազմը ամիսներ շարունակ մտորում էր «ATACMS»-ի մատակարարման շուրջ՝ մտավախություն ունենալով, թե դրանց առաքումը կարող է ընկալվել որպես «չափազանց ագրեսիվ քայլ Ռուսաստանի դեմ»:

Օգտագործվել են «The Associated Press», «Agence France-Presse» և «Reuters» լրատվական գործակալությունների նյութերը։

XS
SM
MD
LG