Մատչելի հղումներ

Վաշինգտոնը նախատեսում է Թուրքիա առաքել «F-16» կործանիչներ


Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է այս հարցում համաձայնության գալ Կոնգրեսի հետ։

Վաշինգտոնը Թուրքիային «F-16» կործանիչներ կտրամադրի Կոնգրեսի հետ խորհրդակցելուց հետո՝ երեքշաբթի հայտարարել է նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սալիվանի հայտարարությունը հնչել է մեկ օր անց, երբ Անկարան իր աջակցությունը հայտնեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը:

Թուրքիան, որն ալյանսին Շվեդիայի անդամակցության գլխավոր խոչընդոտն էր, 2021 թվականի հոկտեմբերին խնդրել էր իրեն վաճառել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած «F-16» կործանիչները՝ 20 միլիարդ դոլարով, և արդիականացնել իր օդուժի մոտ 80 ինքնաթիռներ։

Ելույթ ունենալով երեքշաբթի Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին՝ Սալիվանն ասել է, որ նախագահ Ջո Բայդենը «հասկացրել է, թե կողմ է [Թուրքիային «F-16» կործանիչների] տրամադրմանը»:

«Այդ կապակցությամբ նա ոչ մի պայման դրել..․ ։ Նա մտադիր է առաջ տանել [կործանիչների] տրամադրման գործընթացը»,- լրագրողներին ասել է Սալիվանը՝ չմանրամասնելով, թե երբ է նախատեսվում իրականացնել ծրագիրը։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը, ով արգելափակում էր Թուրքիային կործանիչների տրամադրումը, երկուշաբթի ասել է, որ բանակցություններ է վարում Բայդենի վարչակազմի հետ՝ այս հարցի շուրջ իր առարկությունների վերաբերյալ և կարող է որոշում կայացնել «հաջորդ շաբաթվա ընթացքում»՝ ակնարկելով, որ հնարավոր է հանի առարկությունը:

Ե՛վ թուրք պաշտոնյաները, և՛ Բայդենի վարչակազմը հերքել են, թե ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում Անկարայի հավանությունը կապված է
Թուրքիային «F-16»-ների վաճառքի հետ:

Այնուամենայնիվ, որոշ դիվանագետներ և վերլուծաբաններ կարծում են, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը օգտագործել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ բանակցությունները՝ ռազմական ինքնաթիռների հարցում Վաշինգտոնի նկատմամբ ճնշում գործադրելու համար։

«Ակնհայտ է, որ Բայդենի վարչակազմը ... պնդել է, որպեսզի Թուրքիային հնարավորություն տրվի արդիականացնել իր օդուժը և ձեռք բերել նոր «F-16»-ներ», - ասում է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի պաշտպանության հարցերով փորձագետ Կամիլա Գրանդը: «Այս քայլը, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ Շվեդիայի ջանքերը կարող էին Էրդողանին համոզել աջակցել Շվեդիայի հայտը»։

Հիշեցնենք, Անկարան Ստոկհոլմին մեղադրում էր անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու մեջ՝ նրանց նկատմամբ, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ:

Երկուշաբթի Թուրքիայի և Շվեդիայի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Ստոկհոլմը չի աջակցի քրդական խմբավորումներին և ակտիվորեն կնպաստի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին։

Այդուհանդերձ, Թուրքիային «F-16»-երի տրամադրման և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ժամկետներն անորոշ են։

Թուրքիայի խորհրդարանը վերստին աշխատանքի է անցնելու ամռանից հետո, բացի այդ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ-երկիր՝ Հունգարիան դեռ պետք է վավերացնի ալյանսին Շվեդիայի անդամակցության հայտը, թեև երկրի արտգործնախարար Պիտեր Սիյարտոն երեքշաբթի հայտարարել է, որ այն «սոսկ տեխնիկական հարց է»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Էրդողանը համաձայնել է «հնարավորինս շուտ» հասնել թուրք օրենսդիրների կողմից Շվեդիայի հայտին կողմ քվերակելուն։

XS
SM
MD
LG