Վերջերս Թայվանի նեղուցում չինական օդուժի կործանիչի մանևրը ԱՄՆ ռազմածովային նավատորմի ականակրի մոտ ի ցույց դրեց երկու գերտերությունների միջև առկա լարվածությունը։
Ահա այս ֆոնին` նախորդ շաբաթ Չինաստանի մայրաքաղաք այցելեց ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը: Պեկինում նրա բանակցությունների արդյունքում, կարծես, որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն Յելենը զգուշավոր է` նշելով, որ կողմերը դեռ ճանապարհ ունեն անցնելու. «ԱՄՆ-ն և Չինաստանը լուրջ տարաձայնություններ ունեն։ Դրանց պետք է հստակ և ուղղակի անդրադարձ կատարվի։ Նախագահ Բայդենն ու ես հեռու ենք այն մտքից, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները կարող են գտնվել հակամարտության մեջ։ Հավատում ենք, որ աշխարհը բավականաչափ մեծ է, որպեսզի մեր երկու երկրները կարողանան բարգավաճել»։
Յելենի ուղևորությունը հաջորդեց այս տարվա սկզբին չինական լրտեսական օդապարիկի շուրջ ծագած աղմուկին. ամերիկյան օդուժն այն ոչնչացրեց, ի պատասխան` Պեկինն այն կոչեց «անհամաչափ արձագանք»:
Լսենք Չինաստանի փոխվարչապետ Հե Լյենգին. «Ցավում եմ, որ մի շարք անսպասելի միջադեպերի պատճառով (ինչպիսին օդապարիկի դեպքն է), Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները որոշակի դժվարություններ են ունեցել, մասնավորապես՝ երկու պետությունների ղեկավարների միջև փոխհամաձայնության հասնելու հարցում։ Կցանկանայինք, որ ամերիկյան կողմը բանական և գործնական մոտեցում ցուցաբերեր չինական կողմի հետ հարաբերվելիս»։
Ելենը նաև քննարկել է իր բնորոշմամբ` «հաղորդակցության ազնիվ ուղիների» և կլիմայի հարցը. «Որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ, մեր շահերից է բխում միասին աշխատել այս մարտահրավերների ուղղությամբ: Աշխարհը դա է ակնկալում մեզնից: Իսկ կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավերների ցուցակի առաջին տեղում է։ Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է միասին աշխատեն գոյության այս սպառնալիքի դեմ»:
Թեև կողմերից ոչ մեկը դիվանագիտական «չեղքում» չէր ակնկալում, այնուամենայնիվ, Յելենի այցը տեղի ունեցավ բուռն ժամանակաշրջանում: Անցած ամիս «The Wall Street Journal»-ը հայտնել էր, որ Չինաստանը գաղտնի գործարք է կնքել Կուբայի հետ՝ կղզու տարածքում էլեկտրոնային գաղտնալսման կայան հիմնելու նպատակով, որը կարող է տեղեկատվություն հավաքել ԱՄՆ-ի հարավարևելյան շրջաններում։ Նացի այդ, վերջերս Վաշինգտոնի ու Պեկինի հարաբերությունները վերստին սրվեցին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանեց բռնապետ։