Մատչելի հղումներ

F-16 կործանիչները նախատեսված չեն Ուկրաինայի առաջիկա հակահարձակման համար. Պենտագոն 


ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը և կործանիչների մատակարարումը կապված են Կիևի միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հետ, ոչ թե առաջիկա հակահարձակման:

Անցած շաբաթ ելույթ ունենալով Ճապոնիայում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովում՝ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ ԱՄՆ-ը կաջակցի գործընկերներին և դաշնակիցներին՝ պատարաստելու ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչների համար:

Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը երեքշաբթի մանրամասնեց՝ ուկրաինացի օդաչուների ուսուցումն ու F-16-ների մատակարարումը ուղղված են Կիևի միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների բավարարմանը, և չեն հետապնում կարճաժամկետ նպատակներ՝ ռուսական ուժերի դեմ պայքարում։

«Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելը մեր երկարաժամկետ պարտավորությունն է: Դրանք նախատեսված չեն առաջիկա հակահարձակման համար»,- ասել է Ռայդերը:

Թե քանի F-16 է մատակարարվելու, որ երկրներից և երբ, չի հաղորդվում։ Հայտնի է, որ ԱՄՆ-ն՝ գործընկերների և դաշնակիցների հետ միասին մասնակցելու է ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը, որոնք էլ հետագայում վարելու են F-16 կործանիչները։

«Այս ուսուցումը տեղի կունենա Ուկրաինայից դուրս՝ Եվրոպայում: Ինչ վերաբերում է վարժանքների մեկնարկին, կործանիչների մատակարարմանը․․․ շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ այդ հարցերի շուրջ»,- ասել է Ռայդերը:

F-16-ների վրա ուկրաինացի օդաչունի ուսուցումը կարող է սկսվել առաջիկա շաբաթներին կամ ամիսներին՝ նշել է Ռայդերը: Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ երկիրն է անցկացնելու վարժանքները և որտեղ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն կմասնակցի այդ վարժանքներին։

Խոսնակն հավելել է՝ առաջիկա օրերին ավելի շատ տեղեկություններ կլինեն:

2022 թվականի ապրիլին Ուկրաինայի պաշտպանության համար ստեղծված կոնտակտային խմբի առաջին հանդիպումից ի վեր Պենտագոնը հայտարարել է, որ ուշադրության կենտրոնում կլինեն Կիևի ոչ միայն ընթացիկ, այլև երկարաժամկետ

պաշտպանական կարիքները: F-16-ի վրա ուկրաինացի օդաչուների ուսուցումը և կործանիչների փոխանցումը Կիևին երկարաժամկետ աջակցության մի մասն էն:

«Այժմ պայքարում ենք, որպեսզի Ուկրաինան կարողանա հաջողությամբ պաշտպանել իրեն և, միևնույն ժամանակ, վերականգնել իր ինքնիշխան տարածքը», - ասել է Ռայդերը և հավելել. «Բայց ակնկալում ենք երկարաժամկետ հարաբերություններ Ուկրաինայի հետ՝ նրա անվտանգության կարիքները բավարարելու համար: Նրանք կարող են պահպանել դժվարությամբ ձեռք բերված իրենց դիրքերը և զսպել ռուսական ուժերին»:

XS
SM
MD
LG