Մատչելի հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարը անակնկալ այց է կատարել Կիև


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձախից և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիևում, Ուկրաինա, 2023 թվականի նոյեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձախից և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիևում, Ուկրաինա, 2023 թվականի նոյեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ժամանել է Կիև։ Այցի գլխավոր նպատակն է վստահեցնել ուկրաինացի գործընկերներին, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր աջակցությունն Ուկրաինային՝ պայքարելու Ռուսաստանի ագրեսիայի դեմ:

«Ձեր գալը շատ կարևոր ազդանշան է Ուկրաինայի համար։ Շատ շնորհակալ ենք ամերիկյան ժողովրդին։ [Դուք] մեզ հետ եք դժվարությունների ժամանակ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Երկուշաբթի՝ հանդիպման ժամանակ Օսթինը բարձր է գնահատել ուկրաինացի ժողովրդի «հնարամտությունն» ու «քաջությունը» և խոստացել ԱՄՆ շարունակական աջակցությունն Ուկրաինային:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեզ հետ են: Մենք ձեզ հետ կմնանք տևական ժամանակ։ Այն, ինչ տեղի է ունենում այստեղ՝ Ուկրաինայում, կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ աշխարհի համար»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:

ԱՄՆ պաշտպանության գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչների փոխանցմամբ, Լլոյդ Օսթինը մեկնել է Կիև՝ քննարկելու ձմեռային ռազմական գործողությունները և պլանավորելու ապագա աջակցությունը:

«Շարունակում ենք կանոնավոր կերպով [Ուկրաինային] ապահովել [ռազմական] աջակցությամբ և պլանավորում ենք այդ անել ձմռան ողջ ընթացքումը»,- լրագրողներին փոխանցել է Պենտագոնի անանուն բարձրաստիճան պաշտոնյան։

Օսթինի այս այցը, որ առաջինն է 2022 թվականի ապրիլից ի վեր, ձմռանն ընդառաջ է, որի ժամանակ, ըստ ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաների, Ռուսաստանը վերսկսելու է թիրախավորել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները՝ ինչպես անցած ձմռանը, նպատակ ունենալով ուկրաինացիների թողնել առանց էլեկտրաէներգիայի ու ջերմության։

«Գալիք ձմռանը կարևոր են լինելու հակաօդային պաշտպանության միջոցները։ Կարողացել ենք ավելացնել ՀՕՊ միջոցները, բայց դա չի նշանակում, որ լրացուցիչ միջոցների կարիք չունենք, կամ չենք ունենա առաջիկա ամիսներին»,- լրագորղների հետ զրույցի ժամանակ ասել է Պենտագոնի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, ով նույնպես նախարարի հետ Ուկրաինայում էր և դարձյալ՝ չի ցանկացել հրապարակել իր անունը։

Մինչ այդ՝ Ռուսաստանի տարածքից արձակված իրանական արտադրության շուրջ 40 անօդաչուներ անցած հանգստյան օրերին թիրախավորել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները:

Կիևի հաղորդմամբ, 38 անօդաչուներից հաջողվել է ոչնչացնել 29-ը, սակայն մյուսները կարողացել են հարվածել ենթակառուցվածքային օբյեկտների՝ երկրի ավելի քան 400 քաղաքներում և գյուղերում առաջացնելով էլեկտրաէներգիայի անջատումներ:

Ռուսական անօդաչուները գրոհել են Օդեսայի, Զապորոժիեյի և Չեռնիգովի շրջաններում գտնվող օբյեկտները։ Նրանց թիրախում է հայտնվել նաև մայրաքաղաք Կիևը՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ։ Ըստ ուկրաինացի պաշտոնյաների, Կիևի ուղղությամբ թռչող բոլոր անօդաչուները խոցվել են:

Հաղորդվում է, որ Պենտագոնը շարունակելու է իր պաշարներից Ուկրաինային տրամադրել զենք ու զինամթերք, սակայն առաջիկա ամիսներին Կիևը կսկսի ստանալ նաև այն սպառազինություն ու զինամթերքը, որ ամերիկյան կողմը ձեռք է բերել անցած տարվա պայմանագրերի արդյունքում: Պենտագոնի պաշտոնյանների խոսքով, կավելանան զինամթերքի մատակարարումները, քանի որ Արևմուտքում ընդլյանվել են ռազմա-արդյունաբերական համալիրի թողարկման ծավալները։

Նոյեմբերի սկզբին Գերմանիան հայտարարեց, թե մինչև տարվա վերջ Կիևին կտրամադրի ՀՕՊ համակարգեր:

Պենտագոնի անանուն ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ձեռնարկված միջոցները թույլ չեն տա ռուսական ուժերին ամրապնդել իրենց դիրքերը գալիք ձմռանը․ «Ուկրաինական զորքերը շարունակում են առաջ շարժվել և հաջողության հասնել ռուսական ուժերի դեմ մարտի դաշտում»:

Օրինակ, անցած շաբաթ ուկրաինական զորքերը դուրս մղեցին ռուսական ուժերին Դնեպր գետի արևելյան ափից և հիմնեցին մի քանի կամուրջներ։ Գետը՝ ծանր տեխնիկայով և պաշարներով հատելը կարող է ուկրաինական ուժերին հնարավորություն տալ հարձակման նոր ուղղություն բացել դեպի Ղրիմ, որը, ինչպես հայտնի է, բռնակցվել է Ռուսաստանի կողմից դեռ 2014 թվականին։

Չնայած ռուսական ուժերը դեռևս վերահսկում են ողջ Ուկրաինայի մոտ 18%-ը, ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան անցած ամիս «Ամերիկայի ձայնին» փոխամցել էր, որ ուկրաինական զորքերը կարողացել են ազատագրել 2022 թվականի փետրվարի ներխուժումից հետո ռուսական ուժերի օկուպացրած տարածքների ավելի քան 50%-ը:

Ինչևէ, Լլոյդ Օսթինի անակնկալ այցը Կիև՝ Ուկրաինային ցուցաբերվող արևմտյան աջակցության վերաբերյալ հնչող կասկածների ֆոնին է, երբ մերձավորարևելյան հակամարտության պատճառով աշխարհի ուշադրության մի զգալի մասը շեղվել է ուկրաինական ուղղությունից։

Ավելի ուշ՝ այս շաբաթ Պենտագոնի ղեկավարը կհյուրընկալի Ուկրաինային ցուցաբերվող օժանադկության գծով կոնտակտային խմբին: Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ, որոնք տարաբնույթ ռազմական աջակցություն են ցուցաբերում Կիևին։

Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ ԱՄՆ Կոնգրեսում աճում է դժկամությունը՝ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնություն առնչությամբ, թեև Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցրել են, որ Կիևին աջակցելու հարցում առկա է «երկկուսակցական հստակ աջակցություն»:

«Վստահ ենք, որ Կոնգրեսը կտրամադրի այդ աջակցությունը, և մենք պլանները կազմում ենք այդ համոզմունքի հիման վրա»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։

«Պենտագոնը շարունակում է իր ակտիվ դերակատարությունը Ուկրաինային ցուցաբերվող օգնություն հարցում՝ ճի՛շտ այնպես, ինչպես Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտությունից առաջ էր, քանի որ Ուկրաինան կարևոր է»,- ընդգծել է Պենտագոնի մյուս ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG