Մատչելի հղումներ

Անօդաչուներն արդեն Պուտինի նստավայրի մոտ են, իսկ նա կրկնում է իր քարոզչությունը


Մոսկվայի և Մոսկվայի մարզի օբյեկտներին անօդաչուների հարվածներից հետո, Կրեմլի ղեկավարը դիմել է ապատեղեկատվական հին հնարքների

Մայիսի 30-ին «կամիկաձե անօդաչուները» հարվածներ են հասցրել Մոսկվայի հարավ-արևմուտքում և Մոսկվայի մարզի արևմուտքում գտնվող թիրախներին՝ ռուս-ուկրաինական պատերազմի ճակատային գծից ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա։ Որոշ ԱԹՍ-ներ հասել են ռուսական էլիտայի բնակության վայրեր։ Դրանցից մեկն ընկել է Նովո-Օգարևոյում՝ Պուտինի նստավայրից ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա։

Նույն օրը, պատասխանելով անօդաչուների հարվածի վերաբերյալ հարցերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնել է «Ուկրաինայի և Արևմուտքի մասին» իր ձանձրալի ապատեղեկատվական թեզերը։

Պուտինի ապատեղեկատվական պնդումներին է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով («Polygraph.info»)։

Պուտինի №1 սուտը. «Արևմուտքը «հակաՌուսաստան» է ստեղծում»

Վլադիմիր Պուտինը քամահրանքով է խոսել Ուկրաինայի ինքնիշխանության վերաբերյալ, այնուհետև Արևմուտքի հասցեին հնչեցրել կրեմլյան քարոզչության մաս հանդիսացող ավանդական մեղադրանքները՝ Ռուսաստանի նկատմամբ թշնամանք հրահրելու մասին։.

«Այն տարածքը, որը կոչվում է Ուկրաինա, ի սկզբանե փաստացի վերահսկում էին Արևմուտքի կողմից ղեկավարվող մարդիկ, որոնք որդեգրեցին ոչ թե պարզապես Ռուսաստանի հետ պայքարի, այլ այդ տարածքում հակա-Ռուսաստան ստեղծելու ճանապարհը»։

Իրականում, 1991 թվականին Ուկրաինայի անկախացումից ի վեր, երկրի սոցիալական, քաղաքական և տնտեսական էլիտաները բաժանվել են արևմտամետ և ռուսամետ ճամբարների։

Այդ պառակտումն առավել ցայտուն դրսևորվեց Ուկրաինայի նախագահի ընտրություններում. պաշտոն, որը որոշում է երկրի արտաքին քաղաքականությունը և էականորեն ազդում ներքին քաղաքականության վրա։

Իր անկախության 32 տարիների ընթացքում Ուկրաինան 14 տարի ղեկավարել են արևմտամետ նախագահներ Վիկտոր Յուշչենկոն (2005-2010 թթ.), Պյոտր Պորոշենկոն (2014-2019 թթ.) և Վլադիմիր Զելենսկին (2019 թվականից)։

Եղել են նաև ուկրաինական նախագահներ, որոնք իրենց ղեկավարության օրոք հավասարակշռված քաղաքականություն էին վարում Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Խոսքը Լեոնիդ Կրավչուկի (1991-1994 թթ.) և Լեոնիդ Կուչմայի (1994-2005 թթ.) մասին է, որոնք միասին նույնպես 14 տարի են մնացել իշխանության ղեկին։

Չորս տարի՝ 2010-ից 2014 թվականներին, Ուկրաինան ղեկավարել է ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ 2013 թվականի նոյեմբերին նա հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, ինչը հանգեցրեց Կիևում Եվրամայդանի ցույցերին։

Պուտինի №2 սուտը. «Արևմուտքը խոստացել է չընդլայնել ՆԱՏՕ-ն»

Այնուհետև, Պուտինը կրկնել է բազմիցս հերքված սուտն այն մասին, որ ՆԱՏՕ-ն, իբր, խոստացել է Ռուսաստանին չընդլայնվել դեպի արևելք.

«Մեզ ոչ միայն խաբեցին ու ասացին, որ ՆԱՏՕ-ն չի տարածվի դեպի արևելք, այլև հետո հասան նաև Ուկրաինա»։

Իրականում ոչ ոք նման խոստում չի տվել։

ՆԱՏՕ-ի ստեղծման Վաշինգտոնի կամ Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրվել է 1949 թվականին։ Դրանում ասվում է, որ ստորագրող կողմերը «միահամուռ համաձայնությամբ կարող են հրավիրել ցանկացած այլ եվրոպական պետության, որն ի վիճակի է առաջ մղել այս Պայմանագրի սկզբունքները և նպաստել Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը, և միանալ սույն Պայմանագրին»։

ՆԱՏՕ-ն երբեք չի փոխել իր «բաց դռների քաղաքականությունը»։

ԱՄՆ-ն, Եվրոպան և Ռուսաստանը երբեք չեն ստորագրել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ դրույթներ պարունակող որևէ այլ պայմանագիր։

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Ռոսիյսկայա Գազետա» պետական լրատվամիջոցին տված հարցազրույցում (2014 թվականի հոկտեմբերի 16-ին) հաստատել է, որ Արևմուտքը երբեք չի խոստացել Խորհրդային Միությանը, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք.

««ՆԱՏՕ-ի ընդլայնման» հարցը այդ տարիներին ընդհանրապես չի քննարկվել և չի արծարծվել։ Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Արևելաեվրոպական ոչ մի երկիր չի բարձրացրել այդ հարցը, այդ թվում՝ 1991 թվականին Վարշավայի պայմանագրի գոյության դադարեցումից հետո։ Արևմտյան առաջնորդները նույնպես այն չեն բարձրացրել։ Քննարկվել է մեր կողմից առաջ քաշված մեկ այլ հարց, որ Գերմանիայի վերամիավորումից հետո ՆԱՏՕ-ի ռազմական կառույցների առաջխաղացում և դաշինքի լրացուցիչ զինված ուժերի տեղակայում տեղի չունենա այն ժամանակվա ԳԴՀ-ի տարածքում։ Բեյքերի հայտարարությունն արվել է այս համատեքստում... Դրա մասին են խոսել նաև Քոլն ու Գենշերը։ Այն ամենը, ինչ կարելի էր և անհրաժեշտ էր անել այդ քաղաքական պարտավորության ամրագրման համար, արվել է։ Եվ կատարված է։ Գերմանիայի հետ վերջնական կարգավորման մասին պայմանագրում ասվում է, որ երկրի արևելյան հատվածում նոր ռազմական կառույցներ չեն ստեղծվելու, լրացուցիչ զորքեր չեն տեղակայվելու, զանգվածային ոչնչացման զենքեր չեն տեղակայվելու։ Դա պահպանվում է բոլոր այս տարիների ընթացքում։ Այնպես որ, պետք չէ Գորբաչովին և այն ժամանակվա խորհրդային ղեկավարությանը ներկայացնել որպես միամիտ մարդկանց, որոնց հիմարացրել են»։

1997 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը հրաժարվեց «ջենթլմենական համաձայնություն» կնքել Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ այն մասին, որ «նախկին խորհրդային հանրապետությունները չեն անդամակցի ՆԱՏՕ-ին»։

Պուտինի №3 սուտը. «Ուկրաինան պատերազմ է սկսել Դոնբասում»։

Այնուհետև Պուտինը մեղադրել է Ուկրաինային 2014 թվականին Դոնբասում պատերազմ սանձազերծելու մեջ.

«Ռուսաստանի զինված ուժերը, որոնք ստիպված էին պատասխանել, Ռուսաստանը ստիպված էր պատասխանել Դոնբասում ուկրաինական ռեժիմի սանձազերծած պատերազմին... հատուկ ռազմական գործողության մեկնարկով»

Իրականում, Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասում պատերազմը սկսվել է 2014 թվականի ապրիլին, երբ Ռուսաստանը գաղտնի գրավեց կառավարական շենքերը։ Ի պատասխան՝ ուկրաինացի զինվորականները գործողություններ սկսեցին նրանց դեմ։

2015 թվականի մարտին գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցում ռուսական հետախուզության սպա Իգոր Գիրկինը (ներկայանում է որպես Ստրելկով), որն առանցքային դեր է խաղացել Դոնբասում պատերազմի հրահրման գործում, պնդել է, որ հենց նա է «համոզել» Պուտինին պատերազմ սանձազերծել Ուկրաինայի արևելքում։

«Պատերազմի ձգանը, այնուամենայնիվ, ես եմ քաշել... գործնականում մինչ օրս շարունակվող պատերազմի թափանիվը մեր ջոկատն է գործարկել»,- ասել է նա։

2014 թվականի ապրիլին այդ հարցազրույցում Ստրելկովը նաև խոստովանել է, որ իրեն «միացել են Ռուսաստանից ժամանած ոչ կանոնավոր զինված խմբավորումներ, [և] իրենք Ղրիմից շարժվել են Դոնբասում գտնվող Սլովյանսկ քաղաք»։

«Սկզբում ոչ ոք չէր ուզում կռվել։ Առաջին երկու շաբաթների ընթացքում երկու կողմերն էլ ցանկանում էին համոզել միմյանց»,- ասել է Ստրելկովը՝ հավելելով, որ իր զինված խումբը հարձակվել է Սլովյանսկի ոստիկանական բաժանմունքի վրա՝ բախումների սկիզբ դնելով ուկրաինական ուժայինների հետ։

Հետագայում Ռուսաստանը զենք, զինամթերք էր մատակարարում ու ֆինանսավորում անօրինական զինված կազմավորումներին Դոնբասում։ 2014 թվականի հունիսի 13-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի արևելք է ուղարկել Տ-64 տանկեր, ԲՄ-21 «Գրադ» հրթիռային մի քանի կայաններ և այլ զինտեխնիկա։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր այս տարվա հունվարի 25-ի վճռով ճանաչել է, որ Ռուսաստանը բռնազավթում է Դոնբասի այն հատվածները, որոնք 2014 թվականի գարնանը գրավել էին, այսպես կոչված, «անջատողականները»։

«Ի թիվս այլնի, դատարանը գտել է, որ Ուկրաինայի արևելքում անջատողականների վերահսկողության տակ գտնվող շրջանները 2014 թվականի մայիսի 11-ից մինչև առնվազն 2022 թվականի հունվարի 26-ը գտնվում էին Ռուսաստանի Դաշնության իրավասության ներքո»։

Պուտինի №4 սուտը. «Ռուսաստանը հրետակոծում է միայն ռազմական օբյեկտները»

Պուտինը կրկին պնդել է, որ Ռուսաստանն իբր հարվածներ է հասցնում միայն Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։

«Ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց հեռահար ճշգրիտ զենքով՝ միայն ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին, միայն վառելիքի և քսանյութերի պահեստներին կամ զինամթերքի պահեստներին»։

Իրականում ռուսական բանակը ոչնչացնում է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի թաղամասերը Ուկրաինայի ողջ տարածքում՝ ներառյալ բազմաբնակարան շենքերը, դպրոցներն ու հիվանդանոցները։ Այն պահից, երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին սկսեց իր լայնածավալ ներխուժումը Ուկրաինա, ռուսական ռազմական հարվածները խլել են հազարավոր խաղաղ ուկրաինացիների կյանքեր։

2022 թվականի փետրվարի 25-ին՝ Ռուսաստանի ներխուժման հաջորդ օրը, «Amnesty International» -ի գլխավոր քարտուղար Անյես Կալամարը հայտարարեց.

«Ռուսաստանցի զինվորականները բացահայտ արհամարհանք են ցուցաբերում խաղաղ բնակիչների կյանքի նկատմամբ՝ բալիստիկ հրթիռներ և գործողության լայն շառավիղ ունեցող այլ սպառազինություն կիրառելով խիտ բնակեցված տարածքներում։ Այդ հարձակումներից մի քանիսը կարող են դասվել որպես ռազմական հանցագործություններ»։

2023 թվականի մայիսի 8-ի դրությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը արձանագրել է 23 606 տուժած Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում։ Նրանցից 8 791-ը զոհվել են, 14 815-ը՝ վիրավորվել «Ռուսաստանի Դաշնության կողմից լայնածավալ զինված հարձակման» հետևանքով։

XS
SM
MD
LG