Մայիսի 10-ին Սերբական Հանրապետության «Alternativna TV» (ATV) մասնավոր լրատվամիջոցին տված հարցազրույցում Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պնդել է, որ Ռուսաստանը չի կարողացել հաղթել Ուկրաինային՝ պատերազմի մեկնարկից ավելի քան մեկ տարի անց, որովհետև հոգ է տանում ուկրաինական քաղաքների ու ուկրաինացի ժողովրդի մասին։
ATV-ն կապված է Միլորադ Դոդիկի ընտանիքի հետ։ Դոդիկը՝ Բոսնիա և Հերցեգովինայի մաս կազմող Սերբական Հանրապետության նախագահն է։ Բոսնիա և Հերցեգովինան ղեկավարում է, այսպես կոչված, նախագահությունը՝ բաղկացած պետության կազմում ընդգրկված երեք ժողովուրդների՝ բոսնիացիների, սերբերի ու խորվաթների ներկայացուցիչներից։ Նախագահության ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով՝ նախագահության անդամների կողմից։ Խմբ. «Ամերիկայի Ձայն»:
Դոդիկը վերահսկում է այդ առցանց լրատվամիջոցը և օգտագործում քաղաքական նպատակներով։ Ե՛վ Միլորադ Դոդիկը, և՛ նրա ATV-ն 2022 թվականի հունվարից գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ներքո՝ կոռուպցիոն գործարքներին իրենց մասնակցության և Արևմտյան Բալկաններում իրավիճակն ապակայունացնելու փորձերի պատճառով։
Պեսկովը ATV-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը ռազմական առումով գերազանցում է Ուկրաինային, սակայն ռուսները «այդքան դանդաղ» են հաղթում, քանի որ «չեն ոչնչացնում քաղաքները»։
«Եվ դուք կասեք՝ ինչո՞ւ են ռուսներն այդքան դանդաղ գործում։ Որովհետև ռուսները չեն պատերազմում, մենք չենք պատերազմում։ Պատերազմ վարելը բոլորովին այլ բան է, այն ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացում է, քաղաքների հիմնովին ոչնչացում է։ Մենք դա չենք անում։ Փորձում ենք պահպանել ենթակառուցվածքները, և երկրորդ՝ փորձում ենք պահպանել մարդկային կյանքերը»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակի այս կեղծ հայտարարությանն է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։
Ռուսաստանը պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ։ Ռուսական ռազմական ագրեսիայի հետևանքով ավերվել են Ուկրաինայի առնվազն ինը խոշոր և փոքր քաղաքներ։ Երկրի ենթակառուցվածքներին հասցրած վնասը կազմել է ավելի քան 400 միլիարդ դոլար։
Ինչ վերաբերում է «մարդկային կյանքերը պահպանելուն», ռուսական ուժերը մեղադրվում են Ուկրաինայում ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։
Միջազգային հետաքննությունները անհերքելի ապացույցներ ունեն Ուկրաինայում ռուսական զորքերի իրականացրած խաղաղ բնակիչների խոշտանգումների, բռնաբարությունների և մահապատժի վերաբերյալ։ Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են սպանվել ու վիրավորվել ռուսների կողմից։
Մարիուպոլ, Վոլնովախա, Ռուբեժնոյե, Պոպասնայա, Լիման, Սևերոդոնեցկ, Շչաստյե, Մարյինկա, Բախմուտ․ սրանք այն ուկրաինական քաղաքներն են, որոնք ավերվել են Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման առաջին տարում։ Ստորև՝ այս քաղաքներից մի քանիսում զոհերի և ավերածությունների վերաբերյալ մանրամասներ են։
Մարիուպոլ
Մինչև պատերազմը Մարիուպոլում ապրում էր ավելի քան 400 հազար մարդ։ Այն Ուկրաինայի ամենախոշոր արդյունաբերական քաղաքն էր Ազովի ծովի ափին, ուր երկրի գլխավոր նավահանգիստն էր և մի քանի մետալուրգիական գործարաններ։
Ուկրաինայի կառավարության ներկայացմամբ, Ռուսաստանը ռմբակոծել է Մարիուպոլը 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև մայիսի 20-ը, ինչի հետևանքով զոհվել է 25 հազար խաղաղ բնակիչ, ավերվել է շենքերի 95%-ը։
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) անցած տարվա հուլիսին հաստատեց, որ քաղաքի բնակելի շենքերի 90%-ը վնասվել կամ ավերվել է, զոհվել է առնվազն 1 348 խաղաղ բնակիչ։ ՄԱԿ ՓԳՀ-ն պարզաբանել է, որ զոհերի իրական թիվը, հավանաբար, հազարներով ավելի է։
Associated Press-ի տվյալներով, միայն 2022 թվականի մարտի 16-ին` Մարիուպոլի թատրոնի ռուսական ռմբակոծության ժամանակ զոհվել է մոտ 600 խաղաղ բնակիչ։ Տեղացիներն օգտագործում էին շենքը որպես ռմբապաստարան, մինչդեռ ռուսական ինքնաթիռները ռումբեր են նետել շենքի վրա, չնայած թատրոնի շուրջ՝ ասֆալտին հսկայական սպիտակ տառերով գրված էին՝ «Երեխաներ» և «Մարդիկ» բառերը, որոնք պարզորոշ երևում էին օդից։
Բախմուտ
Ուկրաինայի արևելքում գտնվող Բախմուտ քաղաքում նախքան պատերազմը բնակվում էր մոտ 70 հազար մարդ։
Բախմուտի համար մարտերը սկսվել են 2022 թվականի օգոստոսի 1-ին և մինչ օրս չեն դադարում։ 2022 թվականի դեկտեմբերի 26-ին Դոնեցկի մարզի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտարարեց, որ Բախմուտի ենթակառուցվածքների ավելի քան 60%-ը մասամբ կամ ամբողջովին ավերված է։
2023 թվականի մարտի 9-ին The New York Times-ը հրապարակեց Maxar Technologies-ի կողմից արված Բախմուտի արբանյակային լուսանկարները, որոնց վրա երևում են «բնակելի շենքերի, կամուրջների և արդյունաբերական ձեռնարկությունների լայնածավալ ավերածությունները՝ մի քանի շաբաթ տևած ծանր ռմբակոծություններից և փողոցային մարտերից հետո»։
Շչաստյե և Վոլնովախա
Նախքան ռուսական ներխուժումը՝ Շչաստյե քաղաքում բնակվում էր 11 411 մարդ, իսկ Վոլնովախայում՝ 21 166։ Ուկրաինայի արևելյան մասում գտնվող այս երկու՝ ոչ մեծ քաղաքները ռուսական զորքերի կողմից հարձակման ենթարկվեցին պատերազմի առաջին իսկ օրերին՝ 2022 թվականի փետրվարին։
Մինչև 2022 թվականի մարտի 4-ը՝ Շչաստյեի և Վոլնովախայի շենքերի 90%-ը վնասվել կամ ավերվել է։ Այս մասին հայտնում է Guardian-ը։
«Հենց այստեղ՝ [Շչաստյեում] և մերձակա Վոլնովախայում իր գագաթնակետին հասավ Սիրիայում մշակված ռազմական մարտավարությունը՝ ահաբեկել [և ոչնչացնել] խաղաղ բնակչությանը»։
Սևերոդոնեցկ
Սևերոդոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Ստրյուկի խոսքով, մինչև պատերազմը 106 513 բնակչություն ունեցող քաղաքում ռուսական հրետակոծությունների հետևանքով ավերվել է շենքերի 70%-ը։
Ռուբեժնոյե
56 785 բնակչություն ունեցող Ռուբեժնոյե քաղաքում «ամեն ինչ հողին է հավասարեցվել, չկան չվնասված շենքեր, շատ տներ վերականգնման ենթակա չեն»՝ 2022 թվականի մայիսին հայտնել է Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը՝ հրապարակելով ավերված քաղաքի լուսանկարները։
Պոպասնայա
19 984 բնակչությամբ Պոպասնայա քաղաքն այլևս գոյություն չունի ռմբակոծությունների և հրետակոծությունների պատճառած ավերածությունների հետևանքով։ 2022 թվականի մարտի կեսերին ռուսական օկուպացիոն իշխանությունները դադարեցին փաստաթղթերում նշել քաղաքի գոյության մասին։
Մարյինկա
9 376 բնակիչ ունեցող Մարյինկան «ջնջվել է երկրի երեսից»` ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի զեկույցում, որը հաստատվել է լրատվամիջոցների բազմաթիվ հաղորդագրություններով և օդային լուսանկարահանումների միջոցով։
Ուկրաինայի կառավարության, Համաշխարհային բանկի խմբի, Եվրոպական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության համատեղ զեկույցում, որը հրապարակվել է մարտ ամսին, ասված է, որ ռուսական ներխուժման հետևանքով Ուկրաինայի «ենթակառուցվածքներին և շենքերին հասցված ուղղակի ֆիզիկական վնասը» հասել է 411 միլիարդ դոլարի։
ՄԱԿ ՓԳՀ-ն արձանագրել է, որ «Ռուսաստանի լայնածավալ զինված հարձակման պատճառով» Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում գրանցված զոհերի թիվն առնվազն 23 375 է։ ՄԱԿ ՓԳՀ-ն պարզաբանել է, որ «փաստացի թվերը զգալիորեն ավելի բարձր են, քանի որ տեղեկատվության ստացումը որոշ վայրերից, որտեղ դաժան մարտեր են մղվել, հապաղում է, և շատ հաղորդագրություններ դեռևս պետք է հաստատավեն»։