Մայիսի 1-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Telegram-յան իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի՝ գիշերային հրթիռակոծությունների արդյունքում «ավելի քան 109 շրջաններում» ռազմական օբյեկտներ են ոչնչացվել։
Չներկայացնելով իր հրապարակած տվյալները հավաստող որևէ ապացույց՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զինված ուժերի հրթիռները «ոչնչացրել են 64 մարտական թիրախ, այդ թվում՝ սպանվել է ավելի քան 525 ուկրաինացի զինծառայող և ոչնչացվել 87 հրետանային կայանք, զինամթերքի երկու պահեստ, մեկ տասնյակից ավելի տանկեր, զրահամեքենաներ և անօդաչու սարքեր»։
Նախարարությունը ոչինչ չի հաղորդել Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։
«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը օդից ու ծովից հեռահար ճշգրիտ հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Բոլոր թիրախները խոցվել են»,- ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության այս կեղծիքին է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հերթական հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆը» ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։
Տարածաշրջանային և միջազգային անկախ լրատվամիջոցները հաղորդում են, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման հետևանքով տուժել են բնակելի թաղամասեր։ Ռուսական հրթիռային հարվածների պատճառով սպանել են երկու և վիրավորել ավելի քան 40 խաղաղ բնակիչների, վնասվել և ավերվել են դպրոցներ, հիվանդանոցներ ու հարյուրավոր տներ։ Հարձակումն առաջացրել է պայթյուն Պավլոգրադի քիմիական գործարանում՝ բնապահպանական աղետի վտանգ ստեղծելով։
Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանն արձակել է 18 հրթիռ, որոնցից 15-ը որսացել և ոչնչացրել է ուկրաինական ՀՕՊ-ը։ Վաշինգտոնի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) հաստատել է ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը տեղի ունեցած Ռուսաստանի լայնածավալ հրթիռային հարձակումներն Ուկրաինայի դեմ։
Ըստ Բի-բի-սի-ի (BBC News Ukrainian), ռուսական ռազմավարական նշանակության օդուժի ինքնաթիռները՝ ինը Ту-95 և երկու Ту-160 ռմբակոծիչներ, Մուրմանսկի մարզից և Կասպից ծովի շրջանից արձակել են տասնութ Х-101 և Х-555 տեսակի թևավոր հրթիռներ։
Ռուսական հրթիռային հարվածների թիրախ են դարձել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը և Դնեպրոպետրովսկի մարզի արևելքում գտնվող Պավլոգրադ քաղաքը։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ մայրաքաղաքի վրա արձակված բոլոր հրթիռները հաջողվել է որսալ և ոչնչացնել։
Սակայն հաղորդվում է, որ ռուսական երեք հրթիռներ խոցել են Պավլոգրադ քաղաքը։
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմից հայտնել են, որ ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ և վիրավորվել են՝ 48-ը, այդ թվում՝ վեց երեխա։
Արձագանքելով տեղի ունեցածին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Ահաբեկիչների հրթիռները խլել են երկու մարդու կյանք՝ դեռահաս տղաների։ Ավելի քան 40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, բուժվում են ստացած վիրավորումներից ու վնասվածքներից»։
Խոսքը սալջարդներով, կոտրվածքներով, կտրած-պատռած վերքերով, կոնտուզիայի ենթարկված և ծխից թունավորված մարդկանց մասին է։ Ավելի քան 600 մարդ ոստիկանություն դիմում է ներկայացրել՝ վնասված կամ ոչնչացված գույքի վերաբերյալ։
Դնեպրոպետրովսկի մարզային «Վիդկրիտիի» («Բաց») հեռուստաալիքը հայտնում է, որ ռուսական հրթիռակոծության հետևանքով վնասվել է Պավլոգրադի տարածքի մեկ հինգերորդը։ Այդ թվում՝ 110 բարձրահարկ շենք, 93 բնակելի տուն և ենթակառուցվածքային 63 օբյեկտներ՝ ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ ու խանութներ՝ կոտրված պատուհաններից մինչև փլուզված տներ։
GeoConfirmed տեղորոշիչ հարթակը վերլուծել է Պավլոգրադում պայթյունների լուսանկարներն ու տեսանյութերը և պարզել, որ հրթիռներից առնվազն մեկը հարվածել է քիմիական գործարանին։
Գործարանը վաղուց հայտնի է որպես Խորհրդային Միության փլուզումից հետո մնացած հրթիռային վառելիքի և դրա բաղադրիչների պահեստարան։ 2020 թվականի հունվարի դրությամբ այնտեղ պահվում էր ավելի քան 1800 տոննա հրթիռային հին վառելիք։
Գործարանի գլխավոր տնօրեն Լեոնիդ Շիմանը նշել է, որ գործարանը չունի ֆինանսական միջոցներ՝ վառելիքն անվտանգ օգտահանելու համար։
Շիմանը BBC News Ukrainian-ին ասել է, որ գործարանում վառելիքի ահռելի քանակությունը տնտեսական և բնապահպանական վտանգ է ներկայացնում Պավլոգրադի մարզի համար, և որ արտակարգ իրավիճակի դեպքում «էկոհամակարգը վերականգնելու համար կպահանջվի գրեթե 80 տարի, իսկ Պավլոգրադի տնտեսական կարողությունը վերականգնելու համար՝ մոտ 14-15 տարի»։
Իր հերթին Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը մայիսի 2-ին հայտարարել է, որ ռուսական հրթիռային հարձակումը գործարանի վրա՝ քիմիական աղտոտման վտանգ չի առաջացրել։
«Օդի չափումները վկայում են քիմիական և բնապահպանական վտանգի բացակայության մասին։ Սակայն ես վստահ եմ, որ ռուս զինվորականները գիտեին, թե ինչն են թիրախավորում։ Նրանք հասկանում էին, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել նման գործողությունները»,- ընդգծել է նա։
ISW-ն նշել է, որ վերջին շրջանում Մոսկվան ավելի ակտիվ է գործում, քան երբևէ՝ հաղորդելով Ուկրաինայի դեմ իր հրթիռային հարվածների մասին, որը առաջնագծում ռուսական ուժերի առջև ծառացած խնդիրներից ուշադրությունը շեղելու ռազմավարության մասն է։
Վկայակոչելով 2023 թվականի մայիսի 1-ի ԱՄՆ վարչակազմի գնահատականը՝ ISW-ն հաղորդում է, որ հունվարից ի վեր՝ երեք ամսվա ընթացքում «ռուսական ուժերը միայն Բախմուտի ճակատամարտում կորցրել են մոտ 100,000 մարդ՝ 80 հազար վիրավոր և 20 հազար սպանված»։