Սիրիայում բռնությունների պատճառով զոհվել է վեց մարդ, կան բազմաթիվ ձերբակալվածներ

Սիրիայի իրավապաշտպան ակտիվիստների համաձայն, այս երկրի կառավարական ուժերի կողմից իրականացված բռնությունների պատճառով չորեքշաբթի օրվանից սպանվել է վեց, ձերբակալվել` ավելի քան 20 մարդ:

Իրավապաշտպանների համաձայն, անվտանգության ուժերն արևմտյան Դեյր էլ-Զոր քաղաքում հինգշաբթի օրը կրակ են բացել հակակառավարական ցուցարարների ուղղությամբ` սպանելով երկու, վնասվածքներ հասցնելով ևս հինգ ցուցարարի:

Սիրիայի այլ վայրերում, ակտիվիստների համաձայն, երկրի զինուժը Իդլիբ նահանգի Ջաբալ ալ-Զավիյա շրջանում չորեքշաբթի օրը խուզարկումներ է իրականացրել ընդդիմությանը սատարող գյուղերում` սպանելով չորս մարդ:

Այս հաղորդագրությունները հնարավոր չէ ենթարկել անկախ փորձաքննության, քանի որ Սիրիայի իշխանությունները թույլ չեն տալիս օտարերկրյա լրագրողներին ներկա գտնվել խռովությունների վայրերում:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը փորձում է բռնությունների միջոցով դադարեցնել ընդդիմության պայքարը` ուղղված 11 տարի շարունակվող իր պաշտոնավարման դեմ: Նա խոստացել է քաղաքական բարեփոխումներ իրականացնել երկրում, սակայն ընդդիմությունը մերժել է այդ առաջարկները` պահանջելով վերջ տալ շարժման մասնակիցների դեմ զոհերի պատճառ դարձող բռնությունները:

Իրավապաշտպանների համաձայն, երկրի մայրաքաղաք Դամասկոսում չորեքշաբթի երեկոյան ոստիկանությունը մահակներով ցրել է նկարիչների և մտավորականության բողոքի մի ցույց, որի արդյունքում ձերբակալվել է առնվազն 20 մարդ:

Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունը դատապարտել են ապստամբությունը ճնշելուն ուղղված գործողությունները և նախագահ Ասադի և իր կառավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:

Սիրիայի նախագահին սակայն հաջողվել է ձեռք բերել Արաբական պետությունների լիգայի օժանդակությունը, որի նախագահ Նաբիլ Էլարաբին, Ասադի հետ չորեքշաբթի օրը հանդիպում անցկացնելուց հետո, քննադատության է ենթարկել «օտարերկրյա միջամտությունը» արաբական պետությունների գործերում: