Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի համաձայն, իր երկիրը պատրաստ է «երկարատև պատերազմ» վարել Արևմուտքի ուժերի դեմ:
Պետական հեռուստատեսությամբ հաղորդված ձայնային ուղերձում Քադաֆին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգների և Եվրոպական պետությունների կողմից միջամտության համար «չկա արդարացում»՝ հավելելով, որ օդային այս հարվածները «ահաբեկչական գործողությունների են հավասարազոր»։
Միացյալ Նահանգները և եվրոպական պետությունները շաբաթ օրը հրթիռային ռմբակոծություն են իրականացրել Լիբիայի հակաօդային պաշտպանության ուժերի դեմ՝ փորձելով հարկադրել թռիչքազերծ գոտի և կանգնեցնել Քադաֆիի ուժերի առաջխաղացումը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության համաձայն, Միջերկրական ծովում գտնվող Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի սուզանավերից արձակվել է ավելի քան 112 «Թոմահոք» տեսակի հրթիռ։ Ոչնչացվել է դաշինքի ուժերին անմիջական վտանգ ներկայացնող ավելի քան 20 թիրախ։
Լիբիայի հեռուստատեսության համաձայն, դաշնակիցների ուժերի հարձակման պատճառով զոհվել է 48, վնասվածքներ ստացել՝ 150 մարդ։
Լիբիայի ղեկավարը խոստացել է պատասխան գործողություններ ձեռնարկել Միջերկրական ծովում գտնվող ռազմական և քաղաքացիական թիրախների դեմ՝ ասելով, որ տարածաշրջանը «իրական մարտադաշտի» է վերածվել։ Նա հայտնել է նաև, որ բացելու է զենքի պահեստները, որպեսզի լիբիացիները կարողանան զինվել։
Հազարավոր լիբիացիներ հավաքվել են երկրի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող Քադաֆիի լավ պաշտպանված նստավայրում՝ կազմելով «մարդկային վահան» հնարավոր օդային հարձակումների դեմ։