Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Լիբիայում թռիչքազերծ գոտի հաստատելու օգտին


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Լիբիայում թռիչքազերծ գոտի հաստատելու օգտին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Լիբիայում թռիչքազերծ գոտի հաստատելու օգտին

Ֆրանսիայի և Նորվեգիայի կառավարությունները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի այս պետությունները միանալու են Լիբիայում ռազմական միջազգային միջամտությանը։

Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լիբիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու մասին բանաձևն ընդունվելուց հետո հայտնել են Ֆրանսիայի կառավարության խոսնակ Ֆրանսուա Բարուանը և Նորվեգիայի պաշտպանության նախարար Գրետե Ֆարեմոն։ Ֆրանսիայի դիվանագիտական աղբյուրները նշել են, որ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի նկատմամբ միջազգային ռազմական միջամտությունը կարող է սկսվել «արդեն մի քանի ժամից»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից տասը հինգշաբթի օրը կողմ են քվեարկել բանաձևին, հինգը՝ Բրազիլիան, Չինաստանը, Գերմանիան Հնդկաստանն ու Ռուսաստանը՝ մնացել ձեռնպահ։

Բանաձևի ընդունումը թույլ է տալիս ՄԱԿ-ի անդամ պետություններին «ցանկացած միջոց» ձեռնարկել՝ Լիբիայում քաղաքացիական անձանց պաշտպանության նպատակով։

Լիբիայի ապստամբների հենակետ Բենգազի քաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ողջունելով ՄԱԿ-ի կողմից ընդունված որոշումը։

Լիբիայի ղեկավար Քադաֆին նախազգուշացրել է ապստամբներին, որ չհանձնվելու դեպքում իրեն հավատարիմ ուժերը նոր անխնա հարձակումներ կիրականացնեն, և «անօգտակար» է անվանել ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևը։

Միացյալ Նահանգները մեկնարկել է թռիչքազերծ գոտի ստեղծելու բանաձևի հարկադրումն ապահովող գործողությունների ծրագրավորումը։ Իտալիան առաջարկել է օգտագործել Սիցիլիայում տեղակայված Սիգոնելա օդային ռազմահենակետը, իսկ Կանադան՝ հայտնել տարածաշրջան վեց կործանիչ ուղարկելու մասին։

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Քադաֆին կորցրել է երկիրը ղեկավարելու իրավունքը։

Նմանատիպ

XS
SM
MD
LG