Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը քննադատել է ԱՄՆ-ի հրամանատարությամբ Լիբիայում իրականացվող օդային հարվածները` ասելով, որ դրանց զոհ են գնում անմեղ մարդիկ:
Այս հայտարարությամբ Սերդյուկովը հանդես է եկել երեքշաբթի օրը Մոսկվայում՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ հանդիպում անցկացնելուց հետո:
Սերդյուկովի համաձայն, զինադադար հայտարարելը և կառավարության ու ընդդիմադիր ուժերի միջև երկխոսություն սկսելը քաղաքացիական անձանց պաշտպանելու ամենալավ միջոցներն են:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հերքել է այս քննադատությունը` «բացահայտ կեղծիք» որակելով երկրում զոհվածների վերաբերյալ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի կառավարության կողմից ներկայացված տվյալները:
Սպասվում է, որ Միացյալ Նահանգները կփոխանցի օդային հարվածների իրականացման հրամանատարությունը, սակայն, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, դեռևս հայտնի չէ, թե ով է ստանձնելու հրամանատարությունը:
Գեյթսը իր մտահոգությունն է հայտնել նաև Եմենում տիրող անկայուն իրավիճակով ` ասելով, որ այս երկրում գործող «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղը ամենավտանգավորն է աշխարհում այս խմբավորման գործող մասնաճյուղերից: