ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը բարձր է գնահատել համագործակցությունը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև։
Լրագրողների հետ երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում Գեյթսը նշել է Աֆղանստանում վարվող պատերազմի ընթացքում Ռուսաստանի համագործակցության կարեւորությունը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի և Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցներ կիրառելու հարցում այս երկրի աջակցությունը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը գովասանքի խոսքեր է ուղղել Ռուսաստանին` Լիբիայի դեմ ռազմական գործողությունները հավանության արժանացրած ՄԱԿ-ի բանաձևը չարգելափակելու համար։
Գեյթսը մեկ օրով հետաձգել էր Մոսկվա կատրելիք իր այցելությունը՝ Լիբիայում ռազմական գործողություններին հետևելու նպատակով։ Սպասվում է, որ Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում Լիբիայի խնդիրը կդառնա քննարկման հիմնական առարկա։
Մոսկվան քննադատել էր Լիբիայի վրա թռիչքազերծ գոտի սահմանելու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը, սակայն ձեռնպահ է մնացել միջոցը հավանության արժանացրած Անվտանգության խորհրդի քվեարկության ժամանակ։
Բացի Լիբիայի խնդրից, քննարկվելու են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ծավալման ծրագրերը և Աֆղանստանում վարվող պատերազմը։
Ռուսաստան կատարվելիք այս այցը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում Ռոբերտ Գեյթսի վերջին այցն է։ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրենը, որը Սառը պատերազմի ընթացքում տարիներ շարունակ հետախուզական տեղեկություններ է հավաքել Խորհրդային Միության մասին, այս տարվա վերջին նախատեսում է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից։