ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը ասել է, որ հաջորդ տարի նախատեսում է պաշտոնաթող լինել: Նրա խոսքերով, «տրամաբանական է փոխանցել ղեկավարումը», երբ ավարտվի ներկայիս վարչակազմի Աֆղանստանին վերաբերող ռազմավարության վերանայումը:
Ռոբերթ Գեյթսն այս մասին ասել է «Ֆորին փոլիսի» հանդեսին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ռազմական թվակազմի ավելացումն Աֆղանստանում ավարտվելու է մինչև 2011 թվականը:
Գեյթսն ասել է նաեւ, որ մինչև 2012 թվականի հունվարին նախատեսված պաշտոնաթողությանը սպասելը սխալ կլիներ, քանի որ դժվար է լինելու իր պաշտոնին լավ թեկնածու գտնելն այդ տարում, երբ անցկացվելու են նախագահական ընտրությունները, և եթե ընտրություններն անհաջող ավարտվեն նախագահ Օբամայի վարչակազմի համար:
«Լոս Անջելես թայմս» թերթին տված հարցազրույցում Ռոբերթ Գեյթսը նշել է, որ 2011 թվականին ԱՄՆ-ի զորքերի Աֆղանստանից դուրսբերումը սկսելու որոշումը վճռական է:
Կիրակի օրը Աֆղաստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, բանակի գեներալ Դեյվիդ Պետրեուսը «Էն բի սի» հեռուստաընկերությանը հայտնել է, որ «գործընթացը սկսվելու է» 2011 թվականի հուլիսին: