Մատչելի հղումներ

Քադաֆիի ուժերը շարունակում են հարձակումը


Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում չորեքշաբթի առավոտյան լսվել են պայթյուններ և հակաօդային պաշտպանության ուժերի կողմից արձակած կրակոցներ։

Երկրի ղեկավար Մուամար Քադաֆին, հանդես գալով Տրիպոլիում գտնվող իր նստավայրից, խոստացել է հաղթանակ տանել ապստամբների և միջազգային ուժերի դեմ վարվող պայքարում՝ հավելելով, որ պատրաստ է պատերազմել այնքան ժամանակ, որքան կպահանջվի։

Քադաֆին խիստ քննադատության է ենթարկել միջազգային ուժերի կողմից իր զորքերի վրա կատարվող հարձակումները՝ «մահմեդականության դեմ ուղղված արշավ» անվանելով Լիբիայի վրա թռիչքազերծ գոտի սահմանելու գործողությունները։

Քադաֆիին հավատարիմ զորքերը շարունակել են հարձակումները ապստամբների կողմից վերահսկվող քաղաքների ուղղությամբ։

Կառավարական ուժերի դիպուկահարները, հրասայլերը և հրետանին ուժգին կրակ են բացել Միսթարա և Զինթան քաղաքների վրա։

Դաշնակից ուժերի մարտավարության գծով հրամանատար, ԱՄՆ-ի ծովակալ Սեմյուել Լոքլիարը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի հետախուզական տվյալները հաստատել են այն հաղորդագրությունները, որոնց համաձայն Քադաֆիի ուժերը, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, Միսթարա քաղաքում հարձակումներ են իրականացրել քաղաքացիական անձանց նկատմամբ։

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը «Էյ-Բի-Սի Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ դաշնակից ուժերի հարձակումները դարձել են Քադաֆիի որդիներից մեկի մահվան պատճառ։

Նա մեջբերել է չհաստատված հաղորդագրություններ՝ հավելելով, որ Քադաֆիի որդու մահը հաստատելու համար «բավարար ապացույցներ չկան»։

XS
SM
MD
LG