ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամենշաբաթյա իր ուղերձում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Լիբիայում իրականացվող ռազմական առաքելությունը հաջող է ընթանում։
Ուղերձում Օբաման նշել է, որ Լիբիայի կառավարական ուժերի հակաօդային պաշտպանության կարոլությունները ոչնչացվել են։
Լիբիայում իրականացվող գործողությունների համար պատասխանատվությունն ԱՄՆ-ից այժմ աստիճանաբար փոխանցվում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Իր ուղերձում Օբաման շեշտել է, որ «Միացյալ Նահանգների հետ միասին մյուս պետությունները նույնպես պետք է ստանձնեն խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը, ինչպես նաև վճարեն դրա համար անհրաժեշտ գինը»։
ԱՄՆ-ի նախագահը սակայն չի հիշատակել «Վաշինգտոն փոստ» թերթում ուրբաթ օրը հրապարակված մի հաշվետվության մասին, որի համաձայն ԱՄՆ-ը և դաշնակիցները նախատեսում են սպառազինություն մատակարարել Լիբիայի ընդդիմությանը։ Օրաթերթի համաձայն, այս տեղեկությունները տրամադրվել են ԱՄՆ-ի և Եվրամիության որոշ պաշտոնյաներ` խնդրելով իրենց անունները չհրապարակել։
Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց կարծիքով, Լիբիայում թռիչքազերծ գոտի սահմանելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի տեքստը, ըստ էության, թույլատրում է նման գործողություններ կատարել, սակայն նրանք նշել են, որ դրանց իրականացման վերաբերյալ դեռևս որևէ որոշում չի ընդունվել։