ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հանդիպում են անցկացնում Բեռլինում, որի նպատակն է՝ քննարկել իրենց ռազմական առաքելությունը Լիբիայում և ապստամբների կողմից դաշինքի օդուժի աջակցության ավելացման պահանջները։
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը նույնպես մասնակցում է հինգշաբթի օրը մեկնարկած այս բանակցություններին։
Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի ռմբակոծություններն ավելացնելու վերաբերյալ դաշինքի անդամների կարծիքները տարբերվում են. Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հորդորել են դաշնակիցներին ավելացնել իրենց ուժերի մասնակցությունն օդային հարձակումների իրականացման մեջ, իսկ Միացյալ Նահանգները փորձել է սահմանափակել իր դերը։
Բեռլինում բանակցություններն անցկացվում են Քաթարի մայրաքաղաք Դոհայում միջազգային կոնտակտային խումբը՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և արաբական պետությունների իր գործընկերների հետ միասին պարտավորվել է ավելի մեծ ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերել Լիբիայի ընդդիմությանը։
Հանդիպման ընթացքում Լիբիայի ապստամբների խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ՆԱՏՕ-ն բավարար ջանքեր չի գործադրում՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար։ Նա նաև դիմել է Միացյալ Նահանգներին՝ խնդրելով ավելացնել ներգրավվածությունը դաշինքի կողմից իրականացվող արշավում։
Պենտագոնը չորեքշաբթի օրը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի հրամանատարությանն է հանձնվել ԱՄՆ-ի 11 կործանիչ։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի հրամանատարությանը փոխանցվելուց հետո կործանիչները կատարել են 97 մարտական թռիչք։