ՆԱՏՕ-ի օդուժը երեքշաբթի առավոտյան ռմբակոծել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում գտնվող մի քանի թիրախ։
Դաշինքը հայտնել է, որ հարձակման թիրախ են դարձել հրամանատարական կետերը և հաղորդակցման ենթակառուցվածքը։ռ
Ռմբակոծության է ենթարկվել նաև Լիբիայի վերնախավային 32-րդ բրիգադի շտաբը, որն օգտագործվում էր որպես քաղաքացիական անձանց դեմ կատարվող հարձակումների համակարգման կենտրոն։
Լիբիայի պետական լրատվամիջոցների համաձայն, ռմբակոծության են ենթարկվել Տրիպոլին և Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքները, ինչպես նաև մայրաքաղաքից դեպի հարավ-արևմուտք գտնվող Ալ-Հիրա շրջանը։
ՄԱԿ-ը և Լիբիայի իշխանությունները երկուշաբթի օրը հայտնել են, որ իրենց միջև ձեռք է բերվել Միսթարա պաշարված քաղաքում մարդասիրական օգնություն տրամադրող աշխատողների անվտանգ մուտքը թույլատրելու մասին պայմանավորվածություն, սակայն Քադաֆիի ուժերը որևէ երաշխիք չեն տվել ապստամբների կողմից վերահսկվող այս քաղաքի ռմբակոծությունը դադարեցնելու մասին։
ՄԱԿ-ի խոսնակի համաձայն, Քադաֆին համաձայնել է թույլ տալ գնահատման միջազգային խմբին մուտք գործել Միթսարա, Տրիպոլի և Լիբիայի այլ քաղաքներ` մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների մուտքն արտոնելու մասին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում։ Նրա համաձայն, Լիբիայի կառավարությունը սակայն հայտնել է, որ խմբի անվտանգությունը կապահովվի միայն իր կողմից վերահսկվող տարածքներում։