Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող համաժողովի ընթացքում Արևմուտքի և արաբական պետությունների դիվանագետները պաշտպանել են Լիբիայում միջազգային ուժերի կողմից իրականացվող ռազմական միջոցառումները:
Դոհայում հավաքված բազմաթիվ երկրների դիվանագետներ քննարկել են Լիբիայի ժողովրդին միջազգային օգնություն ցուցաբերելուն ուղղված աշխատանքը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի միջազգային հանրության կողմից Լիբիայում քաղաքացիական պատերազմի իրավիճակում հայտնված քաղաքացիական անձանց պաշտպանությանն ուղղված ջանքերն «անհրաժեշտ են, օրինական և ճիշտ»: Նրա համաձայն, ՆԱՏՕ-ի նպատակն է` պահպանել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ուժերի վրա կատարվող ճնշումը, զարգացնել խաղաղապահ գործունեությունը և ֆինանսական օժանդակություն ցուցաբերել այս երկրում ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ աշխատող լիբիացիներին:
Լիբիայի ապստամբների Անցումային ազգային խորհրդի խոսնակն ասել է, թե ՆԱՏՕ-ն բավարար ջանքեր չի գործադրում քաղաքացիական անձանց պաշտպանելու համար, սակայն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է, որ միջազգային հանրությունը «վճռական քայլերի» է դիմել:
Խորհրդատվական առաքելությամբ Քաթար է այցելելու նաև Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Քուսան:
Գերմանիան չորեքշաբթի օրը երկրից վտարել է Լիբիայի հինգ դիվանագետի, որոնց մեղադրել են այս երկրում ապրող Լիբիայի քաղաքացիներին ահաբեկելու մեջ: Գերմանիայի արտգործնախարարության համաձայն, նրանք պետք է երկրից հեռանան այս շաբաթվա ընթացքում: