Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը Լիբիայում զինադադար հաստատելու կոչ է արել


ՄԱԿ-ը Լիբիայում զինադադար հաստատելու կոչ է արել
ՄԱԿ-ը Լիբիայում զինադադար հաստատելու կոչ է արել

Միավորված ազգերի կազմակերպությունը հորդորել է Լիբիայում անհապաղ զինադադար հայտարարել։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը և մարդասիրական հարցերի համակարգման գծով նրա տեղակալ Վալերի Ամոսը խորը մտահոգություն են արտահայտել Լիբիայում տեղի ունեցող հակամարտության ծավալներով և այն տառապանքներով, որոնք քաղաքացիական անձանց պատճառում է այս հակամարտությունը։

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից արձակված հրետանային, ինչպես նաև դիպուկահարների կողմից արձակվող կրակի պատճառով արևմտյան Միսթարա քաղաքում կիրակի օրը զոհվել է 17 մարդ։

Մարտերի ժամանակ Քադաֆիի ուժերի կողմից մի հիվանդանոցի վրա արձակված կրակից վնասվածքներ է ստացել 47 մարդ։

Քաղաքի ուղղությամբ վերջին յոթ շաբաթվա ընթացքում չեն դադարում կառավարական ուժերի գրոհները, ինչի պատճառով այստեղ խորանում է հումանիտար ճգնաժամը։

Արևելյան Աջդաբիա քաղաքի վրա արձակված հրթիռային և հրետանային կրակի արդյունքում ապստամբ ուժերը նահանջել են, իսկ քաղաքացիական անձինք ստիպված են եղել դիմել փախուստի։

Կիրակի օրը ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն մարդասիրական օգնություն տրամադրող աշխատողները հնարավորություն կունենան անվտանգ մուտք գործել Միսթարա։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի համաձայն, կազմակերպությունն արդեն իսկ օգնություն է տրամադրում ապստամբների հենակետ Բենգազիի բնակչությանը։ Նման օգնություն նախատեսվում է տրամադրել նաև Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում։

XS
SM
MD
LG