Միջազգային հանրության կողմից մարդասիրական օգնություն առաքող մի նավ ժամանել է Լիբիայի ապստամբների կողմից վերահսկվող Միսրաթա քաղաքի նավահանգիստ:
Նավի ժամանումը հնարավոր են դարձրել ՆԱՏՕ-ի օդային հարվածները, որոնք ստիպել են Լիբիայի կառավարական ուժերին դադարեցնել քաղաքի հրետակոծությունը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության համաձայն, մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատողները չորեքշաբթի օրը, նավի ժամանումից հետո սկսել են նավի բեռնաթափման և պաշարված քաղաքից փախստականներին էվակուացնելու աշխատանքները:
Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից հրետանային հուժկու կրակի պատճառով նավը երեքշաբթի օրը չէր կարողացել ժամանել Միսրաթա, որտեղ այդ օրը հրետակոծության պատճառով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել` ավելի քան 20 մարդ:
Լիբիայի պետական հեռուստատեսությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, թե այս երկրի իշխանությունները այս շաբաթվա սկզբին կառավարական շենքերի համալիրի վրա կատարված հարձակումից հետո պատրաստվում են միջազգային ատյաններ ՆԱՏՕ-ի դեմ հայց ներկայացնել: Լիբիայի կառավարությունը պնդում է, որ ՆԱՏՕ-ի հարձակումը Քադաֆիի դեմ ուղղված մահափորձ էր:
«Ֆրանս պրես» գործակալության համաձայն, Լիբիայի 61 ցեղախմբերի առաջնորդներն ու ներկայացուցիչները կոչ են արել Քադաֆիին հեռանալ պաշտոնից` ասելով, թե «բռնապետի հեռանալուց հետո ապագա Լիբիան միասնական է լինելու»: