Եվրոպական Միության եւս երկու պետություն հայտարարեցին Լիբիայի ապստամբ ուժերի համար այստեղ խորհրդականներ ուղարկելու պատրաստակամության մասին։
Իտալիայի պաշտպանության նախարար Իգնազիո Լա Ռուսսայի խոսքերով, իր երկիրը Լիբիա կուղարկի 1Օ մասնագետների, որոնք կօգնեն ապստամբ ուժերին պայքարել ընդդեմ երկրի ղեկավար Մոամմար Քադաֆիին հավատարիմ ուժերի։
Ֆրանսիան մինչ այդ նույնպես հայտարարել էր ռազմական խորհրդականներ ուղարկելու մտադրության մասին։
Լիբիայի արտաքին գործերի նախարար Աբդուլ Աթի ալ-Օբեյդին քննադատել է օտար երկրների խորհրդականներ այստեղ ուղարկելու մտադրությունները, հայտարարելով, թե այն կվնասի երկրում խաղաղություն հաստատելու հնարավորությունները։ Նա նաեւ հրադադարի կոչ է արել, խոստանալով, որ դրանից հետո 6 ամսվա ընթացքում կանցկացվեն ընտրություններ։
Այլ հաղորդագրությունների համաձայն, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում հանդիպում է ունեցել Լիբիայի ապստամբների անցումային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլի հետ։ Հանդիպումից հետո Ջալիլը լրագրողներին հայտնել է, թե ինքը Սարկոզիին հրավիրել է այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող Բենգազի։
Չորեքշաբթի օրը Լիբիայում շարունակվում էին մարտերը ապստամբ եւ Քադաֆիին հավատարիմ ուժերի միջեւ։ Մարտերն ընթանում էին հիմնականում Միսրաթա քաղաքի համար, որտեղ բնակչությունը խնդրում է միջազգային միջամտություն։ ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են օդային հարվածներն ընդդեմ մի քանի քաղաքներում գտնվող պետական հաստատությունների։