Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության համաձայն, Լիբիայում օդային հարձակում իրականացնելու համար առաջին անգամ կիրառվել է «Predator» («Գիշատիչ») տեսակի առանց օդաչուի կառավարման օդանավ։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օդային հարձակումն իրականացվել է շաբաթ օրը, սակայն որևէ տեղեկություն չի հայտնել դրա իրականացման վայրի մասին։ Հարձակումն իրականացվել է ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայի օդային տարածքում թռիչքազերծ գոտի սահմանելուն ուղղված ջանքերի շրջանակներում։
ՆԱՏՕ-ի ուժերը շաբաթ առավոտյան ռմբակոծել են մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող Քադաֆիի նստավայրը՝ հարվածներ հասցնելով այնտեղ գտնվող ռազմական հենակետերի ուղղությամբ։ Զոհվածների եւ վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։
Լիբիայի ապստամբների համաձայն, շաբաթ օրը Միսրաթա քաղաքում իրենք ստիպել են նահանջել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերին։ Երկրի իշխանություններն ուրբաթ օրը հայտնել են, որ կառավարական ուժերը հեռանալու են քաղաքից՝ «թողնելով այն Միսրաթայի բնակիչների և այս քաղաքի շրջակայքում բնակվող ցեղախմբերի ձեռքերում»։
Իտալիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Լիբիայի իշխանություններն ազատ են արձակել Տրիպոլիի նավահանգստում անցյալ ամիս առգրավված նավը և 11 մարդուց բաղկացած անձնակազմը։ Իտալիայի նավթային ընկերություններից մեկի համար աշխատող նավը առգրավվել էր դաշնակիցների կողմից թռիչքազերծ գոտի սահմանելուց մի քանի օր առաջ։