Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբները մեղադրել են ՆԱՏՕ-ին թերանալու մեջ


پاکستان بمقابلہ زمبابوے
پاکستان بمقابلہ زمبابوے

Լիբիայի ապստամբ ուժերի ղեկավարը քննադատել է ՆԱՏՕ-ին՝ Միսթարա արևմտյան քաղաքում օդային հարձակումներն արագ իրականացնելու գործում թերանալու մեջ՝ ասելով, որ հապաղումները քաղաքացիական անձանց մահվան պատճառ են դարձել։

Աբդել Ֆաթահ Յունեսի համաձայն, ՆԱՏՕ-ն գործում է շատ դանդաղ՝ առաջ շարժվելու հնարավորություն տրամադրելով Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ուժերին։ Նա ասել է, որ դիմելու է ընդդիմության ղեկավարներին, որպեսզի նրանք բողոք ներկայացնեն Լիբիայում կառավարական ուժերից քաղաքացիական անձանց պաշտպանելու համար ուժի գործադրումը հավանության արժանացրած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

ՆԱՏՕ-ի պաշտոնյաների համաձայն, դաշինքը շարունակում է վերահսկել Լիբիայի օդային տարածքը, սակայն Քադաֆին մարդաշատ վայրերում է պահում իր զենքերը, մարդկանց օգտագործելով որպես կենդանի վահան։

ՆԱՏՕ-ի ուժերի հրետանային գործողությունների ղեկավար, գեներալ Մարկ վան Ումի համաձայն, հրասայլերը ցրված են և թաքցված մարդաբնակ վայրերում՝ ՆԱՏՕ-ի օդուժի կողմից հարվածներ հասցնելու հնարավորությունը կանխելու նպատակով։

Ապստամբների պաշտոնյաներն առարկում են գեներալի կողմից ներկայացված տվյալները, որոնց համաձայն քաղաքացիական բնակչություն առկա է այն բոլոր վայրերում, որտեղ տեղակայված են Քադաֆիի ուժերը։

Դաշինքի հաղորդագրությունների համաձայն, Լիբիայում թռիչքազերծ գոտի հարկադրելու գործողությունների ընթացքում ոչնչացվել է Քադաֆիի ուժերի 30 տոկոսը։

Ապստամբների մեղադրանքները ներկայացվել են, երբ Բրեգա քաղաքի մոտակայքում վարվող մարտերից հետո Քադաֆիի ուժերը ստիպել են նրանց նահանջել։

ԱՄՆ-ի հանձնակատար Քրիս Ստիվենսը Բենգազի քաղաքում երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել ընդդիմադիր Ազգային անցումային խորհրդի անդամների հետ՝ ապստամբների էության ու նրանց ապագա ծրագրերի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու նպատակով։

Այս ընթացքում շարունակվում են հակամարտությանը վերջ տալուն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Լիբիայի ղեկավարության հանձնակատար Աբդուլ-Աթի ալ-Օբեյդին, որը երեքշաբթի օրը նշանակվել է այս երկրի արտգործնախարարի պաշտոնում, ավարտել է Հունաստան, Մալթա և Թուրքիա կատարած իր այցը, որի ժամանակ նա ներկայացրել է Լիբիայի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը։

Սակայն և՛ ապստամբները, և՛ Արևմուտքի պետությունների ղեկավարները պատրաստ չեն ընդունել որևէ գործարք, որը նախատեսում է Քադաֆիին կամ նրա որդիներին թողնել իշխանության ղեկին։

XS
SM
MD
LG