Մատչելի հղումներ

Լիբիայի կառավարական ուժերը շարունակում են գրոհը


Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը երկուշաբթի օրը շարունակել են Միսթարա արևմտյան քաղաքի գրոհը՝ հրասայլերի և դիպուկահարների կրակի աջակցությամբ։

Մարտերը շարունակվել են նաև Լիբիայի արևելքում, որտեղ կառավարական ուժերն ու ապստամբները փոփոխական հաջողությամբ պայքարում են ռազմավարական նշանակություն ունեցող Բրեգա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Միաժամանակ չեն դադարում Լիբիայում հակամարտությունն ավարտելուն ուղղված դիվանագիտական ջանքերը։

Լիբիայի կառավարության հանձնակատարը ուղևորվել է Եվրոպա՝ հակամարտությունը դադարեցնելու ճանապարհները գտնելուն նվիրված բանակցություններ անցկացնելու նպատակով։

Սպասվում է, որ Լիբիայի գործող արտգործնախարար Աբդուլ-Աթի ալ-Օբեյդին հանդիպում կանցկացնի Թուրքիայի իշխանությունների հետ, որի ընթացքում քննարկվելու է կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև զինադադարի վերաբերյալ բանակցությունների կազմակերպման խնդիրը։

Քադաֆիին ներկայացնող հանձնակատարը կիրակի օրը նման հանդիպում է անցկացրել Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուի հետ։

Իտալիան երկուշաբթի օրը Լիբիան ներկայացնելու իրավունք ունեցող օրինական միակ ուժ է ճանաչել այս երկրի ապստամբներին։

«Նյու Յորք Թայմս» թերթի փոխանցմամբ, Քադաֆիի որդի Սեիֆ էլ-Իսլամ Քադաֆին ներկայացրել է հակամարտությունն ավարտելու մի առաջարկություն, ըստ որի Մուամար Քադաֆին պետք է զիջի իշխանությունը՝ որից դեպի սահմանադրական ժողովրդավարություն անցում է կատարվելու իր ղեկավարությամբ։

Թերթը, մեջբերելով Լիբիայի կառավարության հետ սերտ կապեր ունեցող դիվանագետի խոսքերը, հայտնել է, որ Քադաֆիի որդու առաջարկը, որը նա արդեն մի քանի տարի փորձում է իրականացնել, պատրաստ չեն ընդունել ո՛չ ինքը Մուամար Քադաֆին, ո՛չ էլ ապստամբները։

XS
SM
MD
LG