Մատչելի հղումներ

Լիբիայի արևելքում շարունակվում են մարտերը


Լիբիայի ապստամբները ծանր մարտեր են վարում Քադաֆիին հավատարիմ ուժերի դեմ՝ փորձելով հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող արևելյան Բրեգա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը։

Բրեգայից ստացվող հաղորդագրությունների համաձայն, որևէ կողմ դեռևս վերահսկողություն չի հաստատել այս քաղաքի նկատմամբ։

ՆԱՏՕ-ն շարունակում է այս քաղաքի մոտակայքում ապստամբ ուժերի շարասյան վրա դաշնակիցների օդուժի կողմից ուրբաթ օրը իրականացված հարձակման հաղորդագրությունների վերաբերյալ հետաքննությունը։

Ականատեսների համաձայն, ուրբաթ երեկոյան ապստամբների շարասյունից հակաօդային թնդանոթի կրակոցներ են արձակվել օդ, սակայն դեռևս հայտնի չէ, արդյոք կրակոցներն արձակվել են ապստամբների, թե շարասյուն ներթափանցած Մուամար Քադաֆիի գործակալների կողմից։

Օդային հարվածի արդյունքում ոչնչացվել է դեպի Բրեգա քաղաք ընթացող շարասյան առնվազն չորս ավտոմեքենա, ինչի պատճառով զոհվել է առնվազն տասը մարդ։ Բրեգան, Միջերկրական ծովի առափնյա մի քանի այլ քաղաքների պես, փետրվարի սկզբից բազմիցս անցել է ձեռքից ձեռք։

Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ Շոտլանդիայի դատախազները հարցաքննելու են այս երկիր փախուստի դիմած Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Քուսային։ Նա հարցաքննվելու է շոտլանդական Լոքերբի քաղաքի վրայով անցնող «Pan Am» ավիաընկերության ինքնաթիռը 1988 թվականին պայթեցնելու գործով։

Մեծ Բրիտանիայի իշխանությունների համաձայն, Լիբիայի կառավարության փախուստի դիմած անդամներին համաներում չի շնորհվելու, և նրանք այժմ ենթարկվում են բրիտանական օրենքների։

XS
SM
MD
LG