Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն կրկին հարված է հասցրել Լիբիայի ապստամբ ուժերի դիրքերին


Լիբիայի ապստամբների համաձայն, ՆԱՏՕ-ի ուժերը հինգշաբթի օրը կրկին օդային հարված են հասցրել Բրեգա քաղաքի շրջակայքում տեղակայված ապստամբ ուժերի դիրքերին, որի պատճառով վնասվածքներ են ստացել մի քանի մարտիկ:

Ապստամբների առաջնորդները վերջերս քննադատել են ՆԱՏՕ-ին` քաղաքացիական անձանց պաշտպանությունն ապահովելու գործում թերանալու և կառավարական ուժերի վրա արագ և ուժգին հարվածներ չհասցնելու համար:

Միացյալ Նահանգների և իր եվրոպական և մերձավորարևելյան դաշնակիցների կոնտակտային խումբը հաջորդ շաբաթ հանդիպում է անցկացնելու Քաթարում` Լիբիայում ռազմական միջամտության հնարավորությունը քննարկելու համար:

Ֆրանսիան, իր հերթին, փորձում է համոզել Աֆրիկան Միությանը ներկայացուցիչներ ուղարկել ապրիլի 13-ին կայանալիք այս հանդիպմանը:

Մուամար Քադաֆին չորեքշաբթի օրն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` երեք էջանոց իր նամակում պահանջելով «դադարեցնել զարգացող երկրի փոքր ժողովրդի դեմ ծավալված անարդար պատերազմը»:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը մերժել է Քադաֆիի պահանջը և կրկնել, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն, իրենց հերթին, պահանջում են զինադադար հաստատել և դուրս բերել կառավարությանը հավատարիմ ուժերն այս երկրի քաղաքներից: Նրանք պահանջում են նաև, որ Քադաֆին հրաժարական ներկայացնի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի հատկապես մտահոգիչ է իրավիճակը արևմտյան Միսթարա քաղաքում, որտեղ կառավարական ուժերը հրթիռներ և ծանր հրետանի են կիրառում ապստամբների դեմ պայքարելու համար: Նա ասել է նաև, որ հատկապես ծանր է քաղաքը լքելու հնարավորություն չունեցող բնակիչների դրությունը, քանի որ նրանք զրկված են մաքուր ջրից, սննդից և բուժօգնությունից:

XS
SM
MD
LG