Եգիպտոսի կառավարության կողմից կատարված զիջումները «բավարար չեն»

Եգիպտոսի կառավարության կողմից կատարված զիջումները «բավարար չեն»

Եգիպտոսի ընդդիմադիր կազմակերպությունների համաձայն, երկրի կառավարության հետ անցկացված հանդիպման ընթացքում նրանց չի տրվել բավարար պատասխան իրենց հիմնական պահանջի՝ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի 30-ամյա պաշտոնավարությունը դադարեցնելու վերաբերյալ։

Երկրում գործող «Մահմեդական եղբայրություն» և ընդդիմադիր այլ կազմակերպություններ նշել են, որ կիրակի օրն անցկացված բանակցությունների ընթացքում Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի կողմից կատարված զիջումները բավարար չեն, սակայն ներկայացնում են երկխոսության առաջին քայլը։ Բանակցությունների արդյունքներով պարզ չի դարձել սակայն, թե երբ է կրկին կայանալու հանդիպում կողմերի միջև։

Եգիպտոսի կառավարության համաձայն, Սուլեյմանը համաձայնել է ստեղծել դատական իշխանություններից և քաղաքական գործիչներից կազմված հանձնաժողով՝ երկրում նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների թիվն ավելացնելու համար անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումներն ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները պետք է ներկայացվեն մինչև մարտ ամսվա առաջին շաբաթը։

Ընդդիմադիրների հետ կիրակի օրն անցկացված հանդիպման ընթացքում Սուլեյմանն առաջարկել է նաև թեթևացնել լրատվամիջոցների ազատության սահմանափակումները և չեղյալ հայտարարել անվտանգության իրավիճակով թելադրվող արտակարգ իրավիճակի մասին օրենքը, որը գործողության մեջ է դրվել Մուբարաքի կողմից 1981 թվականին։ Օրենքը Եգիպտոսի անվտանգության մարմիններին իրավունք է տալիս ձերբակալել պետության անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձանց։

Եգիպտոսի ընդդիմադիր գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ ԷլԲարադեյը հրավիրված չէր մասնակցելու այս հանդիպմանը։ «Էն-Բի-Սի» ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա որպես «ոչ թափանցիկ» է նկարագրել այս հանդիպումը և ավելացրել, որ «այս փուլում ոչ ոք չգիտի, թե ում հետ է բանակցում»։

Հակակառավարական հազարավոր ակտիվիստներ արդեն 14-րդ օրն է, ինչ ցույցեր են անցկացվում Կահիրեի Թահրիր հրապարակում՝ անտեսելով կառավարության և զինված ուժերի կողմից ցույցերն ավարելու մասին արվող կոչերը։

Ցուցարարներից շատերը գիշերել են հրապարակում, որը սկսել է նմանվել վրանային ճամբարի։