Մատչելի հղումներ

Եգիպտոսում ցուցարարների ու զինծառայողների միջև վեճ է սկսվել


Եգիպտոսում ցուցարարների ու զինծառայողների միջև վեճ է սկսվել
Եգիպտոսում ցուցարարների ու զինծառայողների միջև վեճ է սկսվել

Եգիպտոսի զինված ուժերը ընդհարվել են Կահիրեի Թահրիր հրապարակում ցույցերը դեռևս շարունակող ցուցարարների հետ։ Ընդհարումը տեղի է ունեցել, երբ զինվորականները փորձել են ազատել հրապարակի տարածքը՝ երթևեկությունը վերականգնելու համար։

Հարյուր հազարավոր եգիպտոսցիներ ուրբաթ և շաբաթ օրերին Թահրիր հրապարակում տոնել են Մուբարաքի հրաժարականը, սակայն կիրակի օրն այնտեղ դեռևս մնացել են հարյուրավոր մարդիկ, ովքեր խոստացել են չլքել հրապարակը, քանի դեռ Եգիպտոսի զինվորական նոր իշխանությունները չեն կատարել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու իրենց խոստումները։ Ընդհարումները տեղի են ունեցել, երբ որոշ ակտիվիստներ փորձել են դիմադրություն ցուցաբերել զինվորների կողմից վրանային ճամբարը հեռացնելու գործողություններին։

Ցույցը կազմակերպած երիտասարդական խմբավորումների կոալիցիան կիրակի օրը հրապարակել է պահանջների ցուցակ: Նրանք պահանջում են ցրել խորհրդարանը, որտեղ գերիշխում են կառավարող կուսակցության ներկայացուցիչները, և դադարեցնել Մուբարաքի կողմից իշխանության գալու ժամանակից՝ 1981 թվականից գործող արտակարգ դրության մասին օրենքը։

Եգիպտոսի զինված ուժերը խոստացել են վերահսկել անցումը դեպի ժողովրդավարական, քաղաքացիական կառավարություն, սակայն հստակ որևէ ժամանակացույց չեն ներկայացրել։

Զինված ուժերը նաև կոչ են արել ակտիվիստներին թույլ տալ, որ 18 օր տեւած ցույցերից հետո երկրում վերականգնվի բնականոն կյանքը։

Երկրի զինուժի կողմից շաբաթ օրը տարածված հայտարարության համաձայն, Մուբարաքի կողմից հունվարի 31-ին նշանակված նախարարները մնալու են իրենց պաշտոններում, մինչև քաղաքացիական կառավարության ձևավորումը։

XS
SM
MD
LG