Եգիպտոսի փոխնախագահի համաձայն, երկրի կառավարությունը չի հանդուրժելու Կահիրեի կենտրոնական հրապարակում հակակառավարական ցույցերի շարունակությունը։
Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թահրիր հրապարակում արդեն 16 օր անցկացվող բողոքի ցույցերն անհրաժեշտ է ավարտել «հնարավորինս արագ»։
Սուլեյմանն ասել է, որ հրապարակում Եգիպտոսի նախագահի հրաժարականը պահանջող ակտիվիստների և արբանյակային հեռուստակայանների ներկայությունը բացասական ազդեցություն է թողնում Եգիպտոսի քաղաքացիների «աշխատանքի վերադառնալու ցանկության» վրա և խաթարում է կյանքի բնականոն ընթացքը։
Սուլեյմանը սակայն նշել է, թե կառավարությունը Եգիպտոսի հասարակության հանդեպ «ոստիկանական միջոցներ» ձեռնարկելու փոխարեն նախընտրում է ցուցարարների պահանջների վերաբերյալ երկխոսություն ծավալել։