Մատչելի հղումներ

Եգիպտոսում մի քանի ժամով վերսկսվել է բանկերի աշխատանքը


Եգիպտոսի կառավարությունը փորձել է վերականգնել նորմալ կյանքը երկրի մայրաքաղաք Կահիրեում։

Մեկ շաբաթ դադարից հետո իշխանությունները կիրակի օրը Կահիրեում վերսկսել են որոշ բանկերի մասնաճյուղերի աշխատանքը: Աշխատանքը վերսկսած բանկերի մասնաճյուղերում գոյացել են կանխիկ գումար հանել ցանկացողների հերթեր։ Կառավարությունը սակայն հրահանգել է բանկերին սահմանափակել կանխիկացվող գումարի չափը, ինչպես նաև բանկերի մասնաճյուղերի աշխատանքային ժամերը։

Կահիրեի կենտրոնական փողոցում կիրակի օրը, աշխատանքային շաբաթվա սկզբին, վերականգնվել է երթևեկությունը։ Բացի այդ, Եգիպտոսի իշխանությունները նախատեսում էին երկուշաբթի օրը վերաբացել արժեթղթերի շուկան, սակայն շաբաթ օրը հրաժարվեցին այդ որոշումից։ Արժեթղթերի շուկայի վերաբացման նոր ամսաթվի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել։

Եգիպտոսի նախագահը շաբաթ օրը հանդիպում է անցկացրել իր տնտեսական խմբի հետ՝ երկրում անցկացվող ցույցերի ֆինանսական ազդեցությունը քննարկելու համար։

Շարունակվող խռովությունները օրական 310 միլիոն դոլարի վնաս են հասցնում երկրի տնտեսությանը։

Եգիպտոսի կենտրոնական բանկի կառավարիչ Հիշամ Ռամեզի համաձայն, երկրի արտարժույթի պաշարները կազմում են 36 միլիարդ դոլար, ինչը բավարար է բոլոր պարտավորությունները կատարելու համար։

XS
SM
MD
LG