Հազարավոր ցուցարարներ շարունակում են Կահիրեում վրանային ճամբարի վերածված Թահրիր հրապարակում և երկրի խորհրդարանի շենքի մոտակայքում անցկացվող հակակառավարական ցույցերը։
Կահիրեում ցույցեր անցկացնելուց բացի, ընդդիմադիր ուժերը դիմել են գործադուլների, որոնց ազդեցությունը զգացվել է զբոսաշրջության, մանածագործական և երկաթուղային հաղորդակցության ոլորտներում։ Գործադուլներ են անցկացրել նաև պետական ոլորտի աշխատողները։
Ցույցերի կազմակերպիչների համաձայն, մշակվում են ուրբաթ օրը պետական ռադիո- և հեռուստակայանների մոտակայքում զանգվածային ցույցեր անցկացնելու ծրագրեր։
Եգիպտոսի տնտեսության հիմնական բաղադրիչներից մեկի՝ Սուեզի ջրանցքի վարչության ավելի քան վեց հազար դժգոհ աշխատող ցույցեր են անցկացրել՝ բողոքելով ցածր աշխատավարձի և աշխատանքային անբարենպաստ պայմանների դեմ։ Սուեզ քաղաքում գործադուլ է անցկացրել մանածագործական ոլորտի երկու հազար աշխատող, իսկ Լյուքսորում հազարավոր մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնել երկրում զբոսաշրջության ոլորտում հետզհետե վատթարացող իրավիճակի կապակցությամբ։
Կահիրեից 600 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խարգա օազիսում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարման դեմ անցկացվող ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունները մի քանի զոհի պատճառ են դարձել։
Կահիրեում անցկացվել են նաև պետական առողջապահական և հեռահաղորդակցային գրասենյակների մի քանի հազար աշխատողների ցույցեր։