Եգիպտոսում ժողովրդավարության ջատագով Վաել Գոնիմը հայտնել է, որ երկրի զինվորական իշխանությունները խոստացել են երկու ամսից փոփոխված սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնել։
Գոնիմն ու բլոգգեր Ամր Սալաման իրենց կայքում տեղադրել են հաղորդագրություն, որի համաձայն այս խոստումը նրանց տրվել է Եգիպտոսում իշխանությունը ստանձնած ռազմական խորհրդի հետ անցկացված բանակցությունների արդյունքում։ «Google» ընկերության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Գոնիմն ու համացանցի միջոցով գործող այլ ակտիվիստները վճռորոշ դեր են ունեցել 18 օր տևած բողոքի ցույցերն անցկացնելու մեջ, որոնց արդյունքում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ներկայացրեց իր հրաժարականը։
Ակտիվիստների համաձայն, Եգիպտոսի ռազմական խորհուրդը խոստացել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախապատրաստող հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի տասը օրվա ընթացում, իսկ երկու ամսից կանցկացվի այս փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե։ Զինվորական իշխանությունները չեն հաստատել այս ժամանակացույցի մասին հրապարակված տեղեկությունները։
Եգիպտոսի զինված ուժերը կիրակի օրը ցրել են խորհրդարանը և կասեցրել սահմանադրությունը։ Դիմելով այս միջոցներին՝ զինված ուժերը կատարել են ժողովրդավարության ջատագովների ներկայացրած հիմնական երկու պահանջը։