Մատչելի հղումներ

Եգիպտոսում հանրաքվեի մասնակիցները կողմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին


Եգիպտոսում ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել վաղ ընտրություններ անցկացնելու հնարավորություն ընձեռող սահմանադրական փոփոխություններին։

Ավելի քան 14,1 միլիոն մարդ՝ քվեարկությանը մասնակցածների 77,2 տոկոսը, հավանության է արժանացրել սահմանադրական փոփոխությունները։ Եգիպտոսի կառավարությունը հայտնել է, որ երկրում քվեարկության իրավունք ունեցող 45 միլիոն մարդկանցից հանրաքվեում մասնակցել է 41 տոկոսը, ինչը վերջին տարիներին կայացած քվեարկությունների ընթացքում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն է։

Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկածներից շատերն ասել են, որ մասնակցել են հանրաքվեին, քանի որ դա, նրանց կարծիքով, հնարավորություն կտա երկրում վերականգնել կայունությունը։ Հանրաքվեի բազմաթիվ մասնակիցներ քվեարկել են Եգիպտոսի ամենամեծ և ամենալավ կազմակերպված ընդդիմադիր ուժի՝ «Մահմեդական եղբայրության» ազդեցության արդյունքում։

Հանրաքվեի անցկացմանը հիմնականում աջակցել են «Մահմեդական եղբայրությունը» և Եգիպտոսում նախկինում իշխող «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը»։ Նրանց համաձայն, ընտրությունների վաղ անցկացումը թույլ կտա երկրում արագ վերականգնել քաղաքացիական կառավարումը։

Աշխարհիկ կուսակցություններն ու բարեփոխումների ջատագովները դեմ են հանդես եկել հանրաքվեի անցկացմանը՝ նշելով, որ իրենք չունեն բավարար ժամանակ՝ քաղաքական արդյունավետ կազմակերպություն ձևավորելու համար։

XS
SM
MD
LG