Մատչելի հղումներ

Բախումներ Եգիպտոսում՝ ոստիկանության և ցուցարարների միջև


Եգիպտոսի նախորդ և ներկայիս կառավարության դեմ հանդես եկող ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունների պատճառով մարդիկ վերախմբավորվել են Կահիրեի Թահրիր հրապարակում:

Վաղ առավոտյան ռազմական ոստիկանությունը, կիրառելով մահակներ և կրակոցներ արձակելով, մտել է հրապարակ՝ պարետային ժամին չենթարկվող ցուցարարներին հեռացնելու նպատակով։

Բժիշկների համաձայն, այս գործողությունների հետեւանքով զոհվել է երկու մարդ, կան վիրավորներ։

Ականատեսների համաձայն, բազմաթիվ ցուցարարներ ենթարկվել են ուժեղ ծեծի։

Եգիպտոսում իշխող ռազմական խորհուրդը հրապարակել է հայտարարություն, որի համաձայն պարետային ժամ հարկադրելու փորձ կատարած ոստիկանությանը դիմադրություն են ցուցաբերել խռովարարները` վերջիններիս մեղադրելով տեղի ունեցած բռնությունների մեջ։

Կահիրեում ուրբաթ օրը մեկնարկած ցույցը փետրվարի 11-ին Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո անցկացված ցույցերից ամենամեծն էր։

Ցուցարարները մեղադրել են Եգիպտոսի զինված ուժերին` Շարմ էլ-Շեյխ հանգստավայրում իր ընտանիքի հետ այժմ բնակվող Մուբարաքին պաշտպանելու և նրան պատասխանատվության չենթարկելու մեջ։

XS
SM
MD
LG