Կահիրեի Թահրիր հրապարակում արդեն 12 օրն է, ինչ շարունակվում են Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը։
Մարդաշատ հրապարակում շաբաթ օրվա սկզբին կրակոցներ են լսվել, սակայն տուժածների մասին հաղորդագրություններ չկան։
Շաբաթ օրը հրաժարական ներկայացրեց երկրի կառավարող կուսակցության ղեկավար կազմը, այդ թվում՝ նախագահի որդին: Սակայն ցուցարարները չեն ընդունում նաեւ այս զիջումը ու շարունակում են պահանջել Մուբարաքի հրաժարականը:
Մուբարաքը շաբաթ օրը հանդիպում է անցկացրել կառավարության տնտեսական թիմի հետ, որի կազմում ընգրկված է նաև նորանշանակ մի քանի նախարար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում շարունակվող ճգնաժամը, որն, ըստ հաշվարկների, օրական մոտ 310 միլիոն դոլարի վնաս է հասցնում երկրի տնտեսությանը։
Տասնյակ հազարավոր ցուցարարներ ուրբաթ օրը եկել են Թահրիր հրապարակ՝ Մուբարաքի «հեռանալու օրն» անցկացնելու համար։ Վերջինս խոստացել է մնալ պաշտոնում մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան ուրբաթ օրը միացել էր հրապարակում անցկացվող ցույցերին։ Լինելով Եգիպտոսում ճանաչված քաղաքական գործիչ՝ նա հայտնել է նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցության մասին։ Թահրիր հրապարակ է ուրբաթ օրն այցելել նաև Եգիպտոսի պաշտպանության նախարար Հուսեյն Թանթավին։
Եգիպտոսի նախագահի մի խումբ կողմնակիցներ ուրբաթ օրը փորձել են մուտք գործել Թահրիր հրապարակ՝ դառնալով բախումների պատճառ, որոնք դադարեցնելու համար երկրի զինված ուժերը օդ են կրակել։ Մուբարաքի կողմնակիցներն իրենց «Հավատարմության օր»-ն անց են կացրել Կահիրեի մեկ այլ վայրում։
Թահրիր հրապարակում և հրապարակի շրջակայքում երկու օր տևած բախումների պատճառով զոհվել է ութ, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 900 մարդ։