Ռատկո Մլադիչը, որին կասկածում են պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեջ, Հաագայում նախկին Հարավսլավիայի գործերով միջազգային քրեական դատարանի դատավորի կարգադրությամբ հեռացվել է դատարանի դահլիճից։
Բոսնիացի սերբերի ռազմական ուժերի նախկին հրամանատարը հրաժարվել է դատարանին իր դեմ ներկայացված 11 մեղադրանքով բացատրություններ ներկայացնելուց՝ ստիպելով դատավորներին առանց իր ներկայության հանդես գալ իրեն մեղավոր չճանաչելու մասին հայտարարությամբ։
Մլադիչը հեռացվել է նիստերի դահլիճից, երբ դատավոր Ալֆոնսե Օրիեի կողմից ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրականն ընթերցելու ժամանակ նախկին գեներալը կողքի է նետել իր ականջակալը և սկսել բղավել։ Մլադիչին դատարանի նիստերի դահլիճից հեռացնելուց հետո հայտարարված կարճ ընդմիջումից դատավորները վերադարձել են և, առանց մեղադրյալի ներկայության, իր անունից բոլոր մեղադրանքներով հանդես են եկել իրեն մեղավոր չճանաչելու մասին հայտարարությամբ։
Մլադիչի գործով դատարանի կողմից իրեն նշանակված դատապաշտպանը, որի հետ նախկին գեներալը հրաժարվել է հաղորդակցվել, դիմել է դատարանին հրաժարական ներկայացնելու խնդրանքով, սակայն դատավորները մերժել են այդ դիմումը և խնդրել դատապաշտպանին տեղեկացնել Մլադիչին իր փոխարեն մեղավոր չճանաչելու մասին հայտարարությամբ հանդես գալու մասին։