Սերբիան Հաագայի պատերազմի հանցագործությունների դատարանին է հանձնել Խորվաթիայի էթնիկ սերբերի նախկին առաջնորդ Գորան Հաջիչին:
Այս մասին իր ելույթում հայտնել է երկրի արդարադատության նախարարը: Հաջիչին հանձնելուց մեկ օր առաջ իր փաստաբանն ասել է, թե Հաջիչը որոշում է կայացրել չօգտվել հանձնումը բողոքարկելու իրավունքից:
Հաագայի դատարանի կողմից որոնվող վերջին կասկածյալը ձերբակալվել էր չորեքշաբթի օրը Սերբիայի մայրաքաղաքից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆրուսկա Գորա շրջանում:
1990-ականներին Բալկաններում ծավալված հակամարտության ընթացքում Խորվաթիայում սերբ ապստամբների նախկին առաջնորդ 52-ամյա Հաջիչն անհայտացել է 2004 թվականին Հաագայի դատարանի կողմից իրեն պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու 14 մեղադրանք ներկայացնելուց հետո: Նրան մեղադրում են Խորվաթիայում ազգությամբ ոչ սերբ հարյուրավոր անձանց սպանության իրականացումը և հազարավոր այլ անձանց վտարումը կարգադրելու մեջ:
Հաջիչին Բելգրադում Սերբիայի հատուկ դատարանում գտնվելու ժամանակ այցելել են իր տիկինը, քույրը և որդին, որոնք յոթ տարվա ընթացքում չեն հանդիպել իր հետ:
Սերբիայի ազգային հեռուստատեսությունը, հինգշաբթի օրը մեջբերելով երկրի ներքին գործերի նախարարին, հերքել է նախկինում տարածած լուրերն այն մասին, որ Հաջիչը թաքնվում էր ուրիշի անվան տակ, և որ ձերբակալության ժամանակ նրա մոտ զենք են հայտնաբերել:
Հաջիչի փաստաբանն իր հերթին հերքել է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն ձերբակալությունն իրականցվել է Հաջիչի կողմից իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի գողացված նկարի վաճառքի փորձ կատարելու ժամանակ` հավելելով, որ իր հաճախորդը որևէ առնչություն չունի արվեստի գողացված ստեղծագործությունների վաճառքի հետ:
Խորվաթիայի սերբերի նախկին առաջնորդ Հաջիչին ձերբակալելուց երկու ամիս առաջ ձերբակալվել է 1995 թվականին մահմեդական ութ հազար տղամարդու սպանությունը կազմակերպելու համար ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող բոսնիացի սերբերի առաջնորդ Ռատկո Մլադիչը:
Հաագայի պատերազմի հանցագործությունների դատարանին Հաջիչին հանձնելուց հետո վերացել է Եվրոպական Միության անդամակցության շուրջ Սերբիայի հետ բանակցություններ մեկնարկելու ճանապարհին առկա վերջին չխոչընդոտը: