Մլադիչի ընտանիքը Սերբիայի դատարանին խնդրել է նրան մահացած հայտարարել
Պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող Բոսնիայի սերբ Ռատկո Մլադիչի ընտանիքը Սերբիայի դատարանին է դիմել՝ վերջինիս մահացած հայտարարելու խնդրանքով։
Փաստաբան Միլոշ Սալջիչն ասել է, թե Մլադիչի ընտանիքը որոշել է այդ քայլին դիմել, որովհետեւ Մլադիչին ոչ ոք չի տեսել վերջին 7 տարիների ընթացքում։ Ընտանիքի համաձայն, Մլադիչը, նախքան անհետանալը լրջորեն հիվանդ էր։
Մլադիչը Բոսնիայի սերբերի զինված ուժերի հրամանատարն է եղել 1990-ական թվականներին, Բալկանյան ազգամիջյան կռիվների ընթացքում։ ՄԱԿ-ի պատերազմական հանցագործություններով զբաղվող Հաագայի դատարանը Մլադիչին մեղադրել է 1995 թվականին մոտ 8000 մահմեդական տղամարդկանց եւ պատանիների Սրեբրենիցայում ցեղասպանության ենթարկելու մեջ։ Նա մեղադրվում է նաեւ Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյի պաշարումը կազմակերպելու մեջ։
Մլադիչին ձերբակալելու գործում Սերբիայի թերացումը մեծապես խոչընդոտել է Սերբիայի եւ Եվրամիության միջեւ սերտ հարաբերությունների հաստատմանը։