Մատչելի հղումներ

Օրենսդրությունը հնացած է


Նախագահ Օբաման հայտարարել է ԱՄՆ ֆինանսական համակարգում նոր խաղի կանոններ հաստատելու անհրաժեշտության մասին: Չնայած նրան, որ մասնագետներից շատերի կարծիքով Միացյալ Նահանգների օրենսդրական համակարգն ինչպես անցյալում այսօր էլ ունակ է հաղթահարել առկա մարտահրավերները, նախագահը համարում է, որ համաշխարհային տնտեսական գործընթացները պահանջում են նոր մոտեցումներ:
ԱՄՆ փորձագիտական շրջանակներում շատերի կարծիքով համաշխարհային տնտեսության շարունակական անկումը կապված է կորպորացիաների ագահ և անպատասխանատու պահվածքով: Մինչդեռ Օբաման գտնում է, որ կառավարության հետևողական վերահսկողության պակասն է ստեղծված իրավիճակի կարևոր պատճառը:
Ըստ ԱՄՆ նախագահի, այն ինչ տեղի է ունենում, առանձին անհատների ձախողումների արդյունք չէ միայն: Խնդիրը համակարգային է, քանի որ ըստ նրա մասնավոր հատվածի առանձին կազմակերպություններ հայտնվել են վերահսկողությունից դուրս և գործում են ոչ բավարար թափանցիկ սկզբունքներով:
Սպիտակ տան տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամների կարծիքով, առկա ճգնաժամն էլ ավելի է խորանում երկրի տնտեսական օրենսդրության բացերի պատճառով: Գործադիրը գնտում է, որ 1930-ականներին տեղ գտած լուծումներն այլևս արդիական չեն 21-րդ դարում:
Այս շաբաթ տնտեսագիտական շրջանակների հետ անցկացրած խորհրդակցությունների արդյունքում Սպիտակ տունն առաջարկել է տնտեսական բարեփոխումների մի փաթեթ, որը փորձագիտական շրջանակներում որակվում է որպես ամենարմատականը Մեծ Դեպրեսիայի տարիներից ի վեր:
Փաթեթի իրագործման պարագայում ԱՄՆ պետական պահուստային հիմնադրամին տրվելու են ավելի լայն լիազորություններ: Դրանք մասնավորապես դրսևորվելու են բանկերի և մասնավոր այլ հաստատությունների նկատմամբ լուրջ վերահսկողություն իրականացնելու միջոցով: Փաթեթում առաջարկվում է նաև ձևավորվել մի նոր գործակալություն. հիփոթեքային և վարկային այլ ծրագրերի իրականացման գործընթացների վերահսկողությունն իրականացնելու նպատակով:
Հանրապետականները սակայն այս գործընթացը բացասական են գնահատում: Կոնգրեսական Ջոն Բոյհներն օրինակ, համաձայն է պետական վերահսկողության ավելացման անհրաժեշտությանը, սակայն համարում է, որ նախագահի առաջարկը խոչընդոտելու է նորամուծությունների զարգացմանն ու առաջընթացին: Նա գտնում է, որ առաջարկությունների փաթեթի իրականություն դառնալու պարագայում, արտադրվող ապրանքներն ու ֆինանսական շուկան ծառայելու են կառավարության կողմից ձևավորվող առաջարկին:
Առաջիկայում Միացյալ Նահանգների կոնգրեսում թեժ քննարկումներ են սպասվում նախագահի առաջարկի վերաբերյալ: Հարկ է նշել, սակայն, որ բանկերի որոշ ղեկավարներ արդեն իսկ խոսում են սպառողների իրավունքների պաշտպանության գործակալություն ստեղծելու անհրաժեշտությունից: Միևնույն ժամանակ օրենսդիրներից շատերը դեմ են պետական պահուստային հիմնադրամի հզորացման առաջարկին: Մի շարք կոնգրեսականների կարծիքով այդ մարմինն արդեն իսկ չափազանց լայն լիազորություններ ունի:

XS
SM
MD
LG