Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մայիս ամսին աշխատատեղերի կրճատման անկում է արձանագրվել


ԱՄՆ-ի Ախատանքի հարցերով նախարարության վերջին զեկույցի համաձայն` մայիս ամսին 345,000 աշխատատեղի կրճատում է արձանագրվել, ինչը, վերջին ութ ամիսների համեմատությամբ, փոքր-ինչ բարելավված ցուցանիշ է: Զեկույցի տվյալները դրական ազդեցություն են ունեցել արժեթղթերի շուկայի վրա:

Ուրբաթ օրը գործազրկության վերջին տվյալների հրապարակումը դրական ազդեցություն ունեցավ արժեթղթերի ցուցանիշների վրա:

Չնայած անցյալ ամիս 300 հազարից ավելի աշխատատեղերի կորուստ է գրանցվել, փորձագետները մատնանշում են, որ դա սպասված կես միլիոն աշխատատեղերի կրճատումից ավելի քիչ է:

Բարքլիս Քեփիթալ ընկերության գլխավոր տնտեսագետ Միշել Մեյերի խոսքերով` աշխատատեղերի կրճատման անկում է նկատվում, մինչդեռ ճգնաժամի ազդեցության միտումներն ընդհանուր առմամբ թույլ են կարծել, որ մյուս տարվա երկրորդ կեսին ճգնաժամն ավարտված կլինի:

Սակայն, հաշվի առնելով 9.4 տոկոս գործազրկությունը, որոշ օրենսդիրներ այդքան էլ լավատեսորեն չեն տրամադրված:

Ուրբաթ օրը հանրապետական կոնգրեսական Մայքլ Բըրգեսը փորձում էր ստիպել Աշխատանքի վիճակագրության գրասենյակի ղեկավար Թիթ Հոլին խոստովանել, որ կառավարության 787 միլիարդ դոլարանոց տնտեսության խթանման փաթեթն արդյունավետ չէ:

Չնայած փորձագետները պնդում են, որ ճգնաժամի խորացում այլևս չի սպասվում, աշխատատեղերի կրճատման միտումները ցույց են տալիս, որ գործատուները դեռևս չեն ցանկանում նոր աշխատողներ վարձել:

Բացի այդ, ինչպես նշում է դեմոկրատ կոնգրեսական Իլայջըհ Քամինգզը, ամերիկացիները շարունակում են կանխատեսվածից շատ ավելի քիչ ծախսել:

“Ընտանիքները տնտեսում են, ինչը բնական է: Նրանք տեսնում են, որ յուրաքանչյուր չորս գործազուրկից մեկը վեց ամսից ավելի գործազուրկ է մնում, մինչդեռ գործազրկության միջին տևողությունը 14.9 շաբաթ է”, նշել է նա:

Զեկույցի հանաձայն` աշխատատեղերի կրճատումների մեծ մասը` 200 հազարից ավելին, արձանագրվել է գործարաններում և շինարարության հատվածում:

XS
SM
MD
LG